«Կարծիքներ կան, որ Եվրասիական տնտեսական միության ստեղծումը նախկին ԽՍՀՄ-ը վերականգնելու փորձ է. եթե դա այդպես է, ապա ես կտրականապես դեմ եմ, որ Հայաստանը մաս կազմի Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծվելիք այդ կառույցին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը՝ ընդգծելով, որ միջազգային ցանկացած կառույցի անդամակցելու և ինտեգրվելու խնդիրները քննարկելիս նախևառաջ պետք է առաջնորդվել ՀՀ լիարժեք ինքնիշխանությունը պահպանելու խնդրով:
«Ինձ համար առաջնային, բացարձակ արժեքը ՀՀ անկախությունն է: Հետևաբար ցանկացած միության հետ համագործակցելու խնդիրներ քննարկելիս պետք է ելնենք նախևառաջ ՀՀ ինքնիշխանության պահպանման տեսանկյունից: Եթե Եվրասիական տնտեսական միության ստեղծումը նպաստելու է Հայաստանի տնտեսական զարգացմանը, աշխարհաքաղաքական խնդիրները լուծելուն, մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելուն, ապա ես երկու ձեռքով կողմ եմ Հայաստանի՝ այդ կառույցին անդամակցելուն: Մյուս կողմից էլ գոյություն ունի եվրոպական արժեքային համակարգը, որին մենք ձգտում ենք ինտեգրվել: Միևնույն ժամանակ, կարծում եմ, Հայաստանն ունի ազգային և տարածաշրջանային առանձնահատկություններ, և չենք կարող, կամ գուցե պետք չէ մինչև վերջ վերցնել եվրոպական արժեքներն ու չափանիշները: Դրանք կարող են ձևախեղել մեր ազգային նկարագիրն ու մտածելակերպը: Գտնում եմ, որ խոշոր հաշվով, Հայաստանը պետք է փոխլրացման քաղաքականության բարձր մակարդակ դրսևորի և միջազգային տարբեր կառույցների հետ համագործակցի այն չափով, որ չափով անհրաժեշտ է ՀՀ զարգացման և առաջընթացի համար՝ պահպանելով մեր պետական շահը և ինքնիշխանությունը»,- նկատեց Շիրակ Թորոսյանը:
Հարցին՝ կարո՞ղ են արդյոք հայաստանյան իշխանությունները այդքան հավասարակշիռ քաղաքականություն իրականացնել, ՀՀԿ-ական պատգամավորը նկատեց. «Աշխարհում հեշտ բան չկա, հատկապես երբ խոսքը վերաբերում է սեփական շահերը պաշտպանելուն: Բայց մենք պարտավոր ենք, դատապարտված ենք խելացի լինելու: Դրա համար պետք է գիշեր-ցերեկ աշխատել»,- ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամը: Նրա խոսքով, դիվանագիտության մեջ այսպիսի սկզբունք կա. չկան մշտական բարեկամներ և մշտական թշնամիներ, կան մշտական շահեր: «Պետք է խելոք լինենք, դա դժվար է, բայց ոչ անհնար»,- ամփոփեց խորհրդարանականը:











































