ՀՀ իշխանություններին ու մեծահարուստներին պետք է լրջորեն անհանգստացնի ոչ միայն տեղի, այլ նաև ու հատկապես դրսի հանցախմբերի աշխուժացումը Հայաստանում: Անձնական հարստությունը, դրա ցուցադրությունը ամենաճոխ ու տարաբնույթ ձևերով՝ թիրախ են դարձնում հենց դրանց տերերին, վտանգում նրանց կյանքն ու առողջությունը: Եվ շատ դեպքերում մարդիկ չգիտեն` տա՞նը պահեն ունեցվածքը, թե՞ բանկում, քանի որ վերջին տարիներին հարձակումները շատացել են և՛ բնակարանների, և՛ բանկերի վրա: Դրանք կատարվում են ինչպես ավանդական եղանակներով, այնպես էլ ձևախեղված ու բիրտ ձևերով. հանցագործները սպասում են` թիրախ ընտրված պաշտոնյայի ընտանիքի բոլոր անդամները հավաքվեն, հետո` մտնեն տուն, որ նրանց նվաստացնելով, ծաղրուծանակի ու բռնության ենթարկելով՝ անեն իրենց սև գործը: Դա հիմնականում տեղացի հանցախմբերի ձեռագիրն է` պայմանավորված ինչ-ինչ դրդապատճառներով:
Ինչ վերաբերում է «գաստրոլյոր» հանցախմբերին և հատկապես Վրաստանից ներթափանցած քրեական տարրերին, ապա նրանց միայն փողն ու արժեքավոր գույքն է հետաքրքրում: Նրանք մտնում են այնտեղ, որտեղ մարդ չկա, բռնվելու հավանականությունը, ռիսկը քիչ է, կամ մարդ կա, բայց հետն էլ շատ փող կա. օրինակ՝ բանկ, փոխանակման կետ: Բանկի վրա հարձակման մի դեպք` վրացական խմբի կատարմամբ, լսվում է վերաքննիչ քրեական դատարանում: Խոսքը «ՎՏԲ» բանկի թալանի մասին է: Հիշեցնենք, որ 2009թ. հուլիսի 22-ին, ժամը 09.27-ին ավազակային հարձակում կատարելու նպատակով, Վրաստանի մի քանի քաղաքացիներ մտել էին Երևանի Բաղրամյան պողոտայի 56 հասցեում գտնվող «ՎՏԲ Հայաստան» բանկի թիվ 4 մասնաճյուղ, որտեղ Ռևազ Գուլբատաշվիլին կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` բռունցքներով հարվածել էր մասնաճուղի կառավարիչ Սեդա Հովհաննիսյանի գլխին` նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս, որից հետո Գելա Աբուլաձեն Ռևազ Գուլբատաշվիլու և քննությամբ ինքնությունը չպարզված անձի հետ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ էին տվել մասնաճուղի մասնագետ Զարուհի Պետրոսյանին և ավազակային հարձակմամբ հափշտակել էին Սեդա Հովհաննիսյանի աշխատասեղանի դարակներում գտնված, մասնաճյուղին պատկանող առանձնապես խոշոր չափերի հասնող 3.900.385.7 դրամ, 1.110.664 դրամին համարժեք 3.040.0 ԱՄՆ դոլար, 217.711.2 դրամին համարժեք 420 եվրո և 211.320.0 դրամին համարժեք 18.000 ՌԴ ռուբլի գումարները և այլ գումար չգտնելով` հեռացել:
Պարզվում է` բանկի վրա հարձակված խումբը, ըստ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների, նաև բնակարանային մի շարք գողություններ է իրականացրել հիմնականում Երևանի կենտրոնում: Այդ ժամանակահատվածում բնակվել են ՀԱԹ-ի Սվաճյան փողոցի 56 շենքի բնակարաններից մեկում:
Գելա Դեմուրի Աբուլաձեն իր ազգական Դավիթ Օմարի Աբուլաձեի, նրա հետ փաստացի ամուսնական կապի մեջ գտնվող Թինաթին Դավիթաշվիլու և նրանց մտերիմ Բեսիկ Ցխովրեբաձեի հետ միասին ստեղծել են կազմակերպված հանցախումբ և Վրաստանից ժամանելով Հայաստան` անցել գործի: 2009թ. հունիս-հուլիս ամիսներին Գելա Աբուլաձեն Թինաթինի հետ բնակարանների մուտքի դռները թակելու կամ դռների զանգի կոճակները սեղմելու միջոցով նախօրոք ստուգել, «սանրել են» Երևանի Մաշտոցի պողոտայի 15, 16, 40, Աբովյան փողոցի 13, Բայրոն փողոցի 8, 12, Այգեստան 7-րդ փողոցի 1-ին շենքի 100-ավոր բնակարաններում բնակիչների առկայությունը և համոզվելով, որ որոշ հասցեներում որևէ անձ չի բնակվում, այդ մասին տեղեկացրել են Դավիթ Աբուլաձեին և Բեսիկ Ցխովրեբաձեին:
Տան բնակիչների բացակայության մասին գլխի են ընկել նաև դռների բռնակների վրա առկա չմաքրված փոշուց: Բեսիկն ու Դավիթն անցել են գործի. տեխնիկական միջոցների գործադրմամբ, մուտքի դռների փականները կոտրելով, կատարել են հափշտակություններ: 2009թ. հունիսի վերջին, գիշերը Մաշտոց պողոտայի բնակիչ Ա.Միրզոյանի բնակարանից հափշտակել են 180.000 դրամի գույք: Հուլսի 5-ին, գրեթե լուսադեմին, Աբովյան փողոցի շենքերից մեկի բնակիչ Ն.Բադալյանի տանից ևս փորձել են գողություն կատարել, սակայն անհաջող է անցել, քանի որ միացել է բնակարանի ահազանգման ազդանշանային համակարգը: Հաջորդ թիրախը եղել է կրկին Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի բնակչուհի Է.Բեգլարյանի բնակարանը, որտեղից հափշտակել են առանձնապես խոշոր չափերի հասնող 7.905.000 դրամի գույք: Բայրոն փողոցի երկու շենքերի 3 բնակարաններ կատարված ներխուժումներից 2-ը հաջողությամբ են ավարտվել. Վ.Լեոնովայի բնակարանից տարել են 371.700 դրամի գույք, Հ.Հակոբյանին սնանկացրել են մոտ 663.000 դրամի գույքով: Մեկի դեպքում կրկին անհաջողության են մատնվել. տան երկրորդ փականը չի բացվել:
Այգեստանցի Փ.Սողոմոնյանից էլ մոտ 600 դոլարի գույք են տարել, Մաշտոցի պողոտայի բնակիչ Մ.Հակոբյանից` 430.000 դրամի: Ավազակային հարձակման երկու անհաջող փորձ էլ Մաշտոցի պողոտայում գտնվող բնակարաններում է եղել. կոտրել են Գ.Կոստանյանի բնակարանի մուտքի դռան փականը, փորձել են մուտք գործել բնակարան, սակայն երբ միացել է բնակարանում տեղադրված ձայնային ահազանգման սարքի ազդանշանը, անկոչ հյուրերը փախել են` չավարտելով գործը: Հաջորդ դեպքում չեն կարողացել կոտրել և բացել Ռ.Մեսրոպյանի բնակարանի դուռը: Փաստորեն, վերջին փորձերի անհաջողությունների տրամաբանական եզրափակումն այն է եղել, որ բանկի վրա ավազակային հարձակում կատարելուց հետո բռնվել են:
Իսկ ովքե՞ր են այս անձինք, ի՞նչ անցյալով ու փորձով են եկել Հայաստան. 35-ամյա Գելա Աբուլաձեն (ինչպես նաև մյուսները ազգությամբ վրացիներ են, Վրաստանի քաղաքացիներ) բարձրագույն կրթություն ունի, ամուսնացած է, խնամքին` երեք երեխա, չի աշխատել, նախկինում` չդատված: 40-ամյա Ռևազ Գուլբատաշվիլին միջնակարգ կրթություն ունի, 4 երեխա, երբևէ չի աշխատել, և մինչ հայաստանյան գործունեություն ծավալելը Թբիլիսիի քաղաքային դատարանի` այս տարվա ապրիլի 26-ի դատավճռով դատապարտվել է 30 տարվա ազատազրկման: Փաստորեն, պատժից խուսափելով հայրենիքում, գործունեությունը շարունակել է հարևան երկրում: 35-ամյա Դավիթ Աբուլաձեն միջնակարգ կրթություն ունի, ամուրի է, չի աշխատել, փոխարենը նախկինում 3 անգամ դատվել է: Վերջին անգամ` Թբիլիսիի քաղաքային դատարանի 07.12.2007թ. դատավճռով դատապարտվել է ազատազրկման 6 ամսով և համաներմամբ ազատվել պատիժը կրելուց: 39-ամյա Թինաթին Դավիթաշվիլին միջնակարգ-մասնագիտական կրթություն ունի, ամուսնալուծված է, խնամքին մեկ անձ, չի աշխատել, նախկինում` չդատված:
Բանկի վրա հարձակումից հետո Ռևազն ու Դավիթը ձերբակալվել են հաջորդ օրը` հուլիսի 23-ին, Գելան` 25-ին, ավելի ուշ կալանավորվել է նաև Թինաթինը, իսկ Բեսիկ Ցխովրեբաձեի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Գելա Աբուլաձեն իրեն մեղավոր չի ճանաչել, դատաքննության ընթացքում միայն նշել է, որ ինքն ավազակության և որևէ գողության մասնակից չի եղել և որևէ կապ չունի իրեն վերագրվող արարքների հետ: Ինքը զբաղվել է մեքենաների առք ու վաճառքով: Թինաթինը ևս իրեն մեղավոր չի ճանաչել և նշել է, թե նախաքննության ընթացքում խոստովանական ցուցմունքները տվել է իրավապահների ճնշման տակ: Նրանցից Դավիթին և Ռևազին բռնել են Վրաստանի սահմանը հատելիս. Ռևազը փորձել է մոտի թղթադրամները ծամելով` կուլ տալ, ինչը նկատել են ոստիկանության աշխատակիցները: Դավիթ Աբուլաձեն նախաքննության ընթացքում իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն` միայն 3 գողության և 4 գողության փորձերի դեպքերով, իսկ մնացած 6 հանցագործության դեպքերով չի ընդունել մեղքը: Ռևազ Գուլբատաշվիլին իրեն մեղավոր չի ճանաչել:
Այդուհանդերձ, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, ուսումնասիրելով գործում առկա մյուս ապացույցները` Գելային մեղավոր է ճանաչել ավազակային հարձակմամբ կատարված առաձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու, գողության, գողության փորձի համար և դատապարտել 11 տարվա ազատազրկման, Ռևազին` ազատազրկման 10 տարով` ավազակային հարձակման համար, Դավիթ Աբուլաձեին` 7 տարվա ազատազրկման` գողության և գողության փորձի, իսկ Թինաթիին` նույն հանցանքների համար` 5 տարվա ազատազրկման: Տուժողների ներկայացրած քաղհայցերը ևս բավարարվել են: Ռևազ Գուլբատաշվիլին վերաքննիչ բողոք է բերել և խնդրել` ավազակության վերաբերյալ հոդվածով առաջադրված մեղադրանքը ավելի մեղմ պատժով փոխարինել:
Հ.Գ. Վրացիների ներթափանցումը և միաձուլումը ՔԿՀ-ներում և դրանցից դուրս` շատ ավելի մեծ վտանգ է պարունակում. «սպայկա» լինելու դեպքում նրանք շատ ավելի վտանգավոր են դառնալու:
«Ժամանակ»










































