Պաղեստինյան ՖԱԹՀ և ՀԱՄԱՍ շարժումները համաձայնության են եկել քաղաքական ծրագրի և միասնական պաղեստինյան կառավարության գրասենյակի գտնվելու վայրի շուրջ: Այս մասին լոնդոնյան Al-Quds Al-Arabi պարբերականին հայտնել է իսլամիստական առաջնորդներից Ահմեդ Յուսեֆը:
Այսօր Կահիրեում հանդիպում տեղի կունենա ՖԱԹՀ-ի կենտրոնական կոմիտեի անդամ Ազզամ Ալ Ահմադի և ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի տեղակալ Մուսա Աբու Մարզուկի միջև` Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասի և ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նախագահ Խալեդ Մաշաալի հանդիպումը կազմակերպելու համար, որը սպասվում է հաջորդ շաբաթ:
Յուսեֆը, որը զբաղեցնում է Գազայի վարչապետ Իսմաիլ Հանիայի խորհրդականի պաշտոնը, ակնարկել է, որ Պաղեստինի ապագա կառավարության ղեկավարը կարող է լինել հենց Գազայի հատվածի ներկայացուցիչ:
«Համաձայնություն է ձեռք բերվել, որ վարչապետի գրասենյակը կլինի Գազայի հատվածում: Կառավարության ղեկավարը կարող է տեղաշարժվել Գազայի տարածքում և Եգիպտոսի տարածքով մեկնել արտասահման առանց իսրայելական համաձայնության: Այս պահին Պաղեստինի ինքնավարության նախագահը և Օրենսդրական խորհրդի նախագահը գտնվում են Հորդանան գետի Արևմտյան ափի տարածքում, ուստի անհրաժեշտ է, որ վարչապետը լինի Գազայից»,- ասել է Յուսեֆը:
Բացի այդ, նրա խոսքերով` կողմերը համաձայնության են եկել կառավարության քաղաքական ծրագրի շուրջ:
Յուսեֆն ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ը կպաշտպանի Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին ՄԱԿ-ի անդամակցության հարցում և հաստատել, որ Աբասը շուտով կայցելի Գազայի հատված:
Պաղեստինյան ՖԱԹՀ և ՀԱՄԱՍ շարժումները մայիսի սկզբին Կահիրեում համաձայնության էին եկել հաշտության շուրջ: Կողմերը պայմանավորվել էին մեկ տարվա ընթացքում Պաղեստինում անցկացնել համընդհանուր նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Սակայն այդ բանակցությունները շուտով փակուղի մտան, քանի որ ՀԱՄԱՍ-ը կտրականապես դեմ էր ներկա վարչապետ Սալամ Ֆայադի թեկնածությանը:







































