Reuters գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է դիվանագիտական պաշտպանությունից օգտվող անձանց նկատմամբ ահաբեկչական հարձակումները դատապարտող բանաձև։
Այս հակաիրանական բանաձևը նախաձեռնել է Սաուդյան Արաբիան այն բանից հետո, ինչ ամերիկյան իշխանությունները հայտարարեցին Վաշինգտոնում սաուդյան դեսպանի դեմ Իրանի հատուկ ծառայությունների կողմից մահափորձի բացահայտման մասին։
Այս հակաիրանական փաստաթղթի օգտին քվեարկել է 106 երկիր՝ 193-ից, 9 երկիր դեմ է քվեարկել, իսկ 40 երկիր, այդ թվում նաև Ռուսաստանն ու Չինաստանը զերծ են մնացել քվեարկությանը մասնակցելուց։
Այդ բանաձևում մասնավորապես ասվում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Իրանին կոչ է անում իրագործել միջազգային իրավունքի գծով իր պարտավորությունները և հատկապես համագործակցել այն երկրների հետ, որոնք ձգտում են պատասխանատվության ենթարկել այն անձանց, ովքեր մասնակցել են Սաուդյան Արաբիայի դեսպանի դեմ մահափորձի դավադրությանը։
Հիշեցնենք, որ ամերիկյան հատուկ ծառայությունները հոկտեմբերին հայտարարել էին, որ իրենց հաջողվել է բացահայտել Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանի դեմ մահափորձը, ինչը պլանավորել էր Իրանի իսլամական հեղափոխության պահակազորը։







































