«Մինչ հրապարակային ելույթներում մեր պետական այրերը կարևորում են մանկավարժի դերը` չմոռանալով մեջբերումներ անել դասականների խոսքերից, երկրիս ղեկավարն էլ ընդամենը մեկ ամիս առաջ Ուսուցչի տոնին դիֆերամբներ էր ձոնում մանկավարժներին, վերջիններիս, ստացվում է` «տակից քցում» են»,- գրում է «Երկիր»-ը և հավելում.
«Գեղարքունիքի մարզի, մասնավորապես’ Մարտունու տարածաշրջանի հանրակրթական գրեթե բոլոր դպրոցները վերջին ամիսներին նախատեսվածից պակաս ֆինանսավորում են ստացել, միջին հաշվով՝ շուրջ 10 տոկոսով: Այդ 10 տոկոսն էլ պահվում է ուսուցիչների դրույքաչափերից: Դպրոցների տնօրեններից ոմանք ստիպված կրճատել են ոչ միայն ուսուցիչների՝ ըստ դասաժամերի հասանելիք աշխատավարձերը, այլև առհասարակ հանել մեթոդմիավորումների, արտաժամյա պարապմունքների համար տրամադրվող վարձատրությունը՝ հույս տալով, թե սա ժամանակավոր է:
Մարտունու մի շարք ուսուցիչներ և տնօրեններ ահազանգը փոխանցելով «Երկիր»-ին, միաժամանակ խնդրեցին անունները չհրապարակել՝ վախենալով զրկվել աշխատավարձից ու աշխատանքից ընդհանրապես: Նրանցից մեկն ասաց, որ իրենց դպրոցում անգամ նախորդ ամսվա աշխատավարձը չեն ստացել:
Ի դեպ, կամայականորեն ուսուցիչների աշխատավարձերից պահում անելու հրաման, ըստ մեր տեղեկությունների, ստացել են բոլոր դպրոցների տնօրենները»:












































