Տասնյակ հազարավոր եգիպտացիներ այսօր կրկին հավաքվել են Թահրիր հրապարակում` պահանջելով արագ անցում կատարել դեպի քաղաքացիական իշխանություն: Ցույց տալով իրենց ուժը` ցուցարարները պահանջել են վերանայել նոր սահմանադրության ռազմական հիմք ունեցող օրենքները և մինչև ապրիլի 12-ը նոր նախագահական ընտրություններ անցկացնել: Այդ դեպքում ընտրությունները տեղի կունենան ռազմական ուժերի ժամանակացույցով նախատեսված ընտրություններից մոտավորապես մեկ տարի շուտ:
Բողոքի ցույցը սկսել էին «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության անդամները, և մասնակիցների մեծ մասը հենց «եղբայրներն» էին: Այնուհետև ցույցին միացել են տարբեր համոզմունքների բազմաթիվ եգիպտացիներ: Այդ իսկ պատճառով Եգիպտոսի Զինված ուժերի գերագույն խորհրդի համար դժվար կլինի անտեսել կամ արհամարհել ցուցարարների պահանջները:








































