«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) կոչ է անում իր բաժանորդներին ակտիվ մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին:
Բարեգործական այս միջոցառմանը ցանկացողները կարող են մասնակցել ֆիքսված կամ բջջային հեռախոսից զանգահարելով 090008000 համարին կամ ուղարկել կարճ հաղորդագրություն 7733 համարին:
«ԱրմենՏել» ընկերության բաժանորդների նվիրատվությունը ընկերությունն ամբողջությամբ փոխանցելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
«Հեռուստամարաթոն-2011»-ն այս տարի անցկացվում է «Ջուր պարգևիր, կյանք նվիրիր» կարգախոսի ներքո:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի որոշմամբ այս տարի հավաքագրված բոլոր միջոցներն ուղղվելու են Լեռնային Ղարաբաղի գյուղական համայնքների ջրամատակարարման խնդիրների լուծմանը, ինչպես նաև Հայաստանի և Արցախի գյուղերի զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացմանը:
«Հանդիսանալով Հայաստանի խոշորագույն ազգային օպերատոր` «ԱրմենՏել» ընկերությունը մեծ կարևորություն է տալիս հեռուստամարաթոնի ամենամյա անցկացմանը: Կոչ եմ անում մեր բաժանորդներին ակտիվ մասնակցել այս ծրագրին` դրանով իսկ ներդնելով Ձեր լուման Հայաստանի զարգացման և պայծառ ապագա կերտելու գործընթացում»,- ասել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
2010թ. հավաքագրված միջոցներով ջրամատակարարման ցանցը բարելավվել է Ստեփանակերտում, Մարտունիում, Շուշիում, Բերդաձորում և ԼՂ մի շարք գյուղական համայնքներում:
Նման աշխատանքներ տարվել են նաև ՀՀ-ում, մասնավորապես Տավուշի մարզի Վազաշեն և Այգեհովիտ համայնքներում:











































