News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նախագահական պաշտոնական կայքում «պատմական» է որակել երեկ Եվրախորհրդարանի ընդունած Վրաստանի վերաբերյալ բանաձևը, որում Աբխազիայի և Հարավային Օսիայի առնչությամբ մի քանի անգամ գործածված է «օկուպացիա» բառը.
«Այդ բանաձևը կարևոր է մի քանի ասպեկտներով և համարվում է վճռորոշ՝ Վրաստանի վերջնական ազատագրման, վերջնական ապաօկուպացման, մեր երկրի ժողովրդավարական ու եվրոպական ապագայի համար մեր մղած պայքարում։ Ամենակարևորն այն է, որ դրանում մանրամասն ու միանշանակ ընդգծված է, որ Ռուսաստանն իրականացնում է ապօրինի ռազմական օկուպացիա։
«Օկուպացիա» բառը նախկինում գործածվել է ԵԽ-ի բանաձևում ու Եվրախորհրդարանի բանաձևերից մեկում։ Այն գործածել են նաև ԱՄՆ Կոնգրեսը, ԱՄՆ կառավարությունը և եվրոպական տարբեր երկրների կառավարություններ։
Սակայն առաջին անգամ Եվրոպայի ու աշխարհի ամենահեղինակավոր ու ներկայացուցչական ընտրական մարմինն օրինականացրեց այն, որ Վրաստանում առկա է Ռուսաստանի ապօրինի ռազմական օկուպացիա»։
Հիշեցնենք, որ երեկ Եվրախորհրդարանում Վրաստանի վերաբերյալ բանաձևի քննարկման ժամանակ դրա օգտին քվեարկել է մոտ 560 եվրապատգամավոր, մոտ 20-ը դեմ են քվեարկել, նույնքանն էլ ձեռնպահ են մնացել։ Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձենի խոսքերով՝ այդ փաստաթղթում Վրաստանը նշված է որպես ինքնիշխան երկիր և 3 անգամ գործածված է «օկուպացիա» բառը, ինչպես նաև «էթնիկ մաքրում» արտահայտությունը։











































