Այս տարի «Լույս» հիմնադրամը կրթաթոշակ է տրամադրել 130 ուսանողի: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Լույս» հիմնադրամի տնօրենի օգնական և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անահիտ Էվոյանը`հավելելով, որ իր գործունեության առաջին տարվա ընթացքում Հիմնադրամն ունեցել է 43, իսկ երկրորդ տարվա ընթացքում` 74 ուսանող:
«Լույս» հիմնադրամն աջակցություն է ցուցաբերում այն ուսանողներին, ովքեր համապատասխանում են «Լույսի» հրապարակած երեք չափանիշներին:
1. Լինել հայ, Հայաստանի քաղաքացի,
2. ընդունվել «Լույսի» ցանկում հրապարակված բուհերից որևէ մեկը,
3. լինել 18-40 տարեկան այն պահին, երբ դիմում են հիմնադրամին:
«Այս երեք չափանիշներին համապատասխանելու դեպքում յուրաքանչյուրը կարող է դիմել «Լույսին» և վստահ լինել, որ հիմնադրամը կտրամադրի կրթաթոշակ»,- հավաստիացրեց Ա. Էվոյանը:
Տեղեկացնենք, որ «Լույս» հիմնադրամը երիտասարդ հիմնադրամ է և գործում է 2009 թվականից: Այս տարի Հիմնադրամը ճանապարհում է ուսանողների երրորդ սերունդը: «Լույս» հիմնադրամի ցանկում են աշխարհի լավագույն 25 համալսարանները, ինչպիսիք են Հարվարդի, Չիկագոյի, Քեմբրիջի համալսարանները և այլն:












































