«Առաջին լրատվական»-ի RealPolitik հաղորդաշարի հյուրն է ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը:
– Պարոն Ղազինյան, Քեթրին էշթոնի այցի հետ կապված՝ այս օրերին տարածաշրջանի նկատմամբ բավական ակնդետ հետաքրքրություն կա: Այսօր Եվրամիության արտաքին քաղաքական պատասխանատուն արդեն Երևանում է, ի՞նչ ակնկալիքներ կան նրա այցից: Քեթրին էշթոնը առաջին անգամ է այցելում Հայաստան, և, ըստ էության, այս մակարդակով նաև Եվրամիությունը իր առաջնահերթության ցուցակում ամրագրում է մեր տարածաշրջանը և տարածաշրջանի առանձին երկրները:
-Քեթրին էշթոնը այսօր զբաղեցնում է Եվրոպական հանձնաժողովի նախագահի տեղակալի և Եվրոպական Միության արտաքին անվտանգության քաղաքականության գլխավոր բարձր ներկայացուցչի պաշտոնը: Սա նշանակում է, որ Քեթրին էշթոնի արտահայտած ցանկացած միտք և բառ արտահայտում է ԵՄ 27 երկրների ընդհանուր արտաքին քաղաքական դիրքորոշումը: Դրանով է էշթոնի առաքելությունը բնութագրվում հատկապես տարածաշրջանում բավական լուրջ այց, մասնավորապես այն խոսակցությունների և սպասելիքների ֆոնին, որ ներկայացնում է ԵՄ կողմից Հարավկովկասյան հատուկ ռազմավարության մշակման և դրա իրականցման ոլորտում: Մենք գիտենք, որ 2010 թ․ ԵՄ-ն առաջին քայլն արեց ընդունելով 22-16 բանաձևը, որով և ֆիքսեց ընդհանուր ռազմավարություն` Հարավային Կովկասում հստակ ամրագրելով այն գերակայությունները, որտեղ Եվրոպական Միությունը պետք է կենտրոնացնի իր ուշադրությունը: Դրանք առաջին հերթին վերաբերում էին հակամարտությունների կարգավորմանը, իսկ այդպիսի փորձ ԵՄ-ն արդեն ուներ, մասնավորապես ռուս-վրացական հնգօրյա պատերազմի ընթացքում, որտեղ Նիկոլա Սարկոզին որպես ԵՄ նախագահող պետություն, կարողացավ արդյունավետ միջնորդական առաքելություն իրականացնել և որոշակի ներդրում ունենալ պատերազմի դադարեցման և դրա հետևանքների վերացման գործում: Այս դրական փորձը հաշվի առնելով, Եվրոպական Միությունը սկսեց գործադիր մասով Հարավային Կովկասում առավել ակտիվացնել իր քաղաքականությունը , սակայն ռեալ պոլիտիկի պարագայում այստեղ պետք էր, իհարկե, կոնկրետ գործողություններ, և այդ պրոցեսի մեջ ներգրավվեց Եվրոպական միության խորհուրդը, որը ներկայացված է Եվրոպական միության անդամ երկրների արտաքին գործերի նախարարներից, որն էլ նախագահում է Քեթրին էշթոնը և արդեն սկսվեցին կոնկրետ գործողություններ, ինչպես օրինակ Եվրոպական հանձնաժողովի կողմից վերջերս ակտիվորեն քննարկվող Հարավային միջանցք նախագիծը: Կարծում եմ, էշթոնի այցը Հարավային Կովկաս, որը պետք է տեղի ունենար այս տարվա մայիսին և ինչ-ինչ պատճառներով հետաձգվեց նոյեմբեր, կունենա էական նշանակություն Հարավային Կովկասի ապագա արտաքին քաղաքական և աշխարհաքաղաքական կողմնորոշման տեսանկյունից: Պայքարը Հարավային Կովկասի համար Ռուսաստան-ԱՄՆ ձևաչափից, միևնույն է, փոխանցվում է Եվրոպական Միություն և Ռուսաստան, և հաշվի առնելով փոխադարձ շահերի լայն սպեկտորը, որ ունեն Ռուսաստանը և Եվրոպական Միությունը, չի լինի այդքան կոշտ և այդքան կոպիտ, ինչպես ԱՄՆ-ի պարագայում:
– Առաջնահերթություների ցանկում կարո՞ղ ենք ասել՝ Եվրամիության համար տարածաշրջանը ինչ դեր ունի:
-Արտաքին քաղաքականության ոլորտում Եվրոպական հարևանության քաղաքականությունից անջատված Արևելյան գործընկերության հիմնական թիրախը, իմ խորին համոզմամբ, Հարավային Կովկասն էր: ԵՄ-ն փորձում էր առանձնահատուկ քաղաքականություն մշակել Հարավային Կովկասի երկրների հետ, բայց միայն դա անել Հարավային Կովկասի պարագայում թերևս այնքան մոտիվացված չէր: Դա էր երևի պատճառը, որով Եվրոպական հարևանություն քաղաքականությունից առանձնացրեց Արևելյան գործընկերությունը, որը արդեն իսկ սկսել է տալ իր արդյունքները, մասնավորապես քննարկվում է քաղաքական ասոցացման պայմանագիրը և հետագայում կլինի խորը համապարփակ առևտրի տարածության մասին պայմանգիրը, որը նշանակում է, որ Եվրոպական Միությունը արդեն իսկ քաղաքական գերակայության հաստատումից հետո կանցնի տնտեսական գերակայության հաստատման, մասնավորապես առևտրական լայն սպեկտոր և լայն հնարավորություններ տալով Հարավային Կովկասի երկրներին: Այստեղ ամենակարևորը աշխարհատնտեսական գերագինն է, հատկապես ռուս-ուկրանիական գազային կոնֆլիկտից հետո, երբ որ Եվրոպական միությունը դառը փորձով համոզվեց, որ ռուս-ուկրանիական տրանզիտը և առհասարակ ռուսական մատակարարումը այլևս վստահելի չէ և կարող է ևս մեկ անգամ կրկնվել նմանատիպ մի սցենար, երբ երկու սուվերեն պետություններ չկարողանան գալ համաձայնության և արդյունքում առանց գազի կմնան ամբողջ Եվրոպայի արևելյան մասը: Այդ դասերը քաղելուց հետո որոշեց դիվերսիկացնել արտաքին էներգետիկ քաղաքական աղբյուրների ծրագիրը: Այդ իմաստով բավականին նոր շունչ , մեծ ակտիվություն ձեռք բերեց Նաբուկոյի ծրագիրը:
-Ընդամենը շաբաթներ առաջ Թուրքիան և Ադրբեջանը ստորագրեցին Հարավային միջանցքի մաս կազմող գազային այն համաձայնագիրը, որը մեծապես նպաստելու է ՆԱԲՈւԿՈ-ի իրագործմանը:
– Այս երկու օրերի ընթացքում Ադրբեջան այցելեցին այդ նույն խնդրով առնչվող Եվրոպական հանձնաժողովի անդամ և ԱՄՆ պետդեպարտամենտի էներգետիկ հարցերով հատուկ բանագնաց Ռիչարդ Մորնինգսթարը, որը երեկ սենսացիոն հայտարարություն արեց, թե ԱՄՆ-ն կֆինանսավորի ՆԱԲՈւԿՈՆ: Այդ հայտարարությամբ ՆԱԲՈւԿՈ-ի ֆինանսական տնտեսական կոմպոնենտի շուրջ առկա մտահոգությունները թերևս կարելի է համարել փակված, որովհետև դժվար թե ԱՄՆ-ն մտնի ֆինանսապես մի նախագծի տակ, որը չէր երաշխավորի դրա իրականացումը: Փաստացի կարող ենք ասել, որ ԱՄՆ-ն քաղաքականապես հովանավորեց ՆԱԲՈւԿՈ գազատարը:Այս դեպքում էշթոնի այցը պետք է դիտարկել էներգետիկ անվտանգության դիվերսիֆիկացված քաղաքականության հիմքեր դնելու տեսանկյունից:
– Պարոն Ղազինյան, չենք կարող այս հանգրվանում ուղղակի չխոսել ղարաբաղյան կարգավորման մասին, որովհետև ՆԱԲՈւԿՈ-ն ուղակի առնչվում է այդ տարածաշրջանի կայունությանը, անվտանգությանը, ինչը այսօր լուծման կարիք ունի: ԵՄ դերակատարությունը ԼՂ կարգավորման գործընթացում, այն վերլուծությունները, տեսակետները, որ Մինսկի խումբը այլևս այս ձևաչափով անընդունակ է ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվելու, որ Ֆրանսիայի դերակատարությունը պետք է փոխարինվի ԵՄ դերակատարությամբ և որ Քեթրին էշթոնը անձամբ պետք է զբաղվի և ներկայացնի Եվրամիությունը այդ կառույցում․ այս զարգացումներում ի՞նչ հեռանկարներ կան:
– Իմ կարծիքով, հեռանկարները խոստումնալից են, որովհետև Եվրամիությունը անմիջականորեն շահագրգռված է Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում: Հաճախ ասում են, որ ՆԱԲՈւԿՈ-ն իրատեսական չէ, քանի որ չկա այն գազը, որով պետք է լցվի այդ խողովակաշարը: Ես կարծում եմ, որ ՆԱԲՈւԿՈ-ի մասին խոսել շոշափելի արդյունքների և կոնկրետ շինարարությունը սկսելու վերաբերյալ՝ պետք է միայն Հարավային միջանցքի կառուցումից հետո: Ի՞նչ է Հարավային միջանցքը: Դա տարածություն է, որտեղ չկան հակամարտություններ, տարածություն է, որտեղ կա կայունություն: Խաղաղություն և կայունություն վայելող մի տարածք, որը կարող է աշխատել որպես միջանցք ասիական արտադրողական շուկան Եվրոպական սպառողական շուկայի հետ միացնելու համար: Այս տեսանկյունից Լեռնային Ղարաբաղը վերջին խոչընդոտն է, որ այս պահին առկա է Հարավային միջանցքի կառուցման համար: Ղարաբաղի հարցի լուծումից հետո արդեն Եվրամիությունը կլինի Հարավային Կովկասի երկրներում կայունության կոմպոնենտի իրագործման, որը կապահովի ռեգիոնում երկարատև կայունությունը:
-Դուք կարծում եք, որ Եվրամիությունը ֆինանսկան ռեսուրսներով կմասնակցի՞ Ասիայի երկրների ներքին բարեփոխումներին, ժողովրդավարացման գործընթացներին:
– Ճիշտ կլինի ասել՝ հասնել խաղաղության և հետո նոր ժողովրդավարացման, որովհետև առանց խաղաղության ժողովրդավարություն հաստատելը ճիշտ չէ: Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան պատերազմի առկայության դեպքում նույնիսկ նախատեսում է որոշակի շեղումներ այդ իրավունքների պաշտպանությունից: Չլուծված հակամարտությունը, թեկուզ և ոչ տաք վիճակում, ոչ առկա ռազմական գործողությունների պարագայում խոչընդոտ է իրավունքների և ազատությունների պաշտպանության համար: Ցանկացած պահանջ՝ ներկայացված Հարավկովկասյան երկրների քաղաքական իշխանություններին ժողովրդավարության հաստատման վերաբերյալ, հանդիպում է մի հակադարձման` մենք ունենք չկարգավորված հակամարտություն:
-Այնպիսի տպավորություն է, որ Ռուսաստանը անընդունակ է ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկել, և դրա վառ վկայությունը Կազանի ձախողումն էր, երբ փաստաթուղթ էր դրված սեղանին և այն դրվեց մի կողմ, Ադրբեջանի առաջարկները բերվեցին հրապարակ, որը Հայաստանը չէր կարող ընդունել, որովհետև արդեն բազային հիմնական սկզբունքները ընդունել էինք:
– Դիվանագիտական և միջանձնային ներքին խողովակներով ադրբեջանցիները փորձեցին հասկացնել հայերին, որ դա ձեր դեմ չէր ուղղված, որ այդ 10 առաջարկությունները իրենք ներկայացրել էին Ռուսաստանից Հարավային Կովկասը անջատելու համար` այսինքն տապալել Ռուսաստանին, ռուսական միջնորդությունը և անհրաժեշտ պահին դրանք կհանվեն, և կմնա հենց այն փաստաթուղթը, որի շուրջ մոտ 2.5 տարի կողմերը բանակցել են:
-Դուք կարծում եք, որ Մադրիդյան հիմնարար սկզբունքները կենսագործվելու շա՞նս ունեն:
– Իհարկե ունեն: Մինսկի խումբը այստեղ այլընտրանք չունի, գոնե հիմնարար սկզբունքների ստորագրման հարցում: Սկզբունքների համաձայնեցման պրոցեսը պետք է իրականացվի Մինսկի խմբի հովանավորությամբ՝ եռանախագահող ինստիտուտը: Մենք պետք է գնանք 20 տարի հետ և հասկանանք, թե հակամարտությունները որտեղից առաջացան: Իմ խորին համոզմամբ, սրանք արհեստածին կոնֆլիկտներ են` դրսից ներմուծված և մեր ժողովրդին պարտադրված: Հիշենք Սովետական Միության փլուզումը և Ռուսական կայսրության նոր կայսերապաշտական նկրտումների ի հայտ գալը, երբ, բնականաբար, Հարավային Կովկասը պետք էր պահել անմիջական հսկողության տակ, իսկ Ռուսաստանն այլ միջոց, քան հակամարտություն հրահրել, դա սառեցրած պահել և դրանով իսկ կողմերի վրա ճնշում բանեցնել՝ դեռևս չուներ, որովհետև էկոնոմիկայի իմաստով բավական զարգացած չէր: Նրան մնում էր մի գործոն` հակամարտություն հրահրել և դրա չլուծվածության վրա կառավարել ամբողջ ռեգիոնը: Ներկայումս արդեն իսկ դրա ռեսուրսը չի աշխատում, որովհետև ժողովուրդը հոգնել է պատերազմներից: Իրականում այն ռեսուրսը, այն պոտենցիալը, որ ունի Հարավային Կովկասը զարգանալու համար, մենք ուղղակի չենք օգտագործում: Կարճ ժամանակ անց, լուծելով ղարաբաղյան հակամարտությունը, մենք կհասնենք տնտեսական այնպիսի զարգացվածության մակարդակի, որի մասին չէինք կարող երազել 4-5 տարի առաջ: Այստեղ մնում է քաղաքական ճիշտ կամք և համարձակություն՝ գնալ այդ կոնֆլիկտի լուծմանը:
– Պարոն Ղազինյան, Հայաստանը որքա՞ն սուվերեն կգտնվի այդ որոշումը կայացնելիս: Որքանո՞վ ավտոնոմ և ինքնուրույն կլինենք այդ որոշումը կայացնելիս:
-Ես այդ իմաստով տեսնում եմ որոշակի առաջընթաց` պրոգրես, մասնավորապես այսօրվա քաղաքական իշխանությունների Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի էլեմենտների առկայությունը, որ կա, ինձ հույս է ներշնչում և մենք մեր մեջ կկարողանանք գտնել քաջություն, համարձակություն որոշակի նախաձեռնություններում՝ ընդդիմանալ արտաքին քաղաքական այլ սուբյեկտներին, ինչու չէ՝ ԱՄՆ-ին, Եվրոպական Միությանը, նաև՝ Ռուսաստանին: Չեմ ուզում առանձնացնել ռուսական գործոնը, որովհետև, եթե դա հակասում է պետական շահին, ապա անկախ նրանից, թե ով է դրա նախաձեռնողը, պետք է հանդիպի դիմադրության: Այսօր իրականացվում է անկախ պետության բնորոշ քաղաքականություն, և այն փաստը, որ Ֆրանսիայի նախագահը կարողանում է Հայաստանում խոսել էներգետիկ ոլորտում Եվրոպական ներդրումների մասին` դրա մասին մենք նույնիսկ երազել չէինք կարող 2006-2007 թվականներին: Եվրոպական տնտեսական կապիտալի առկայությունը Հարավային Կովկասում, մասնավորապես Հայաստանում, չէր թույլատրվում:
– Ֆրանսիայի նախագահ Նիկոլայ Սարկոզիի այցից հետո, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը նշեց , որ Հայաստանը սրընթաց քայլերով շարժվում է դեպի Եվրամիություն: Այսպիսի հայտարարություն 4-5 տարի առաջ Հայաստանում ոչ մի իշխանություն չէր կարող հանդուրժել:
– Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունը Եվրամիությանը ինտեգրվելը դրանք խոսքեր էին, որը հիմնավորված չէր, սակայն տեսնում ենք, որ խոսքերից բացի այժմ արվում են կոնկրետ քայլեր, գործողություններ ուղղված Հայաստանի եվրոպականացմանը և կարելի է պնդել,որ այսօր այն իրականացվում է: Այս նախաձեռնությունը ոչ թե իշխանական է, կամ ընդդիմադիր, այլ համահայկական է: Ես կարծում եմ, որ նման նախաձեռնության հեղինակները պետք է վայելեն ամբողջ հասարակության աջակցությունը, որովհետև սա պետականության խնդիր է: Այս տարի մարտ ամսին Ծաղկաձորում նախագահ Սերժ Սարգսյանը մի միտք է արտահայտել, որը պատշաճ ուշադրության չարժանացավ վերլուծաբանների կողմից , որը պետք է համարել դարակազմիկ Հայաստանի պատմության մեջ, առ այն, որ փառք Աստծո և այս կողմում, և ընդդիմության կողմից կան մարդիկ, որոնք ունեն պետական կառավարման երկարամյա փորձ և ի վիճակի են տարանջատել պետականությունը քաղաքականությունից: Եթե կա պետականության խնդիր, ապա սա չի կարող լինել երբևէ քաղաքականություն, ինչը 10 տարիների ընթացքում մենք չենք տեսել: Տաս տարիների ընթացքում քաղաքականությունը բազմաթիվ անգամներ ներթափանցել է պետականության հատված և այդ բաժանարար գծի առկայությունը, որը ընդգծեց նախագահը, ես կարծում եմ այն ունի պատմական նշանակություն և դասական քաղաքագիտության մեջ ամրագրված շատ լուրջ և հետաքրքիր տեսություն է և պետականությունը չպետք է միջամտվի քաղաքականության հետ: Ներկայումս գնում է պետականության ուղղված պրոցեսներ: