ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 14-15-ը աշխատանքային այցով Ժնևում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:
Այցի շրջանակում փոխարտգործնախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատար Նավի Փիլեյի, ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Մարգարետ Չենի և Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Յան Կուբիշի հետ:
ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենի հետ հանդիպմանը Ա. Հովակիմյանը վերահաստատել է Հայաստանի կողմից Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենի գործունեության օժանդակման, ինչպես նաև համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը:
Տոկաևը ներկայացրել է Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի միջազգային նշանակության բարձրացմանն ուղղված իր աշխատակազմի գործունեությունը, կարևորել մշտական ներկայացուցչությունների հետ համագործակցությունը և տրամադրվող ծառայությունների բարելավումը:
Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի հետ հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման բնագավառում հանձնակատարի գրասենյակի հետ Հայաստանի համագործակցության ուղղություններն ու շրջանակները:
Ն. Փիլեյը ողջունել է ՀՀ կառավարության կողմից Ընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի իրականացման նպատակով աշխատանքային խմբի ձևավորումը:
Ա. Հովակիմյանը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության ունիվերսալությունը, այդ թվում նաև այն տարածքներում, որոնց կարգավիճակը դեռ բանակցությունների առարկա է և որտեղ փաստորեն չեն գործում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպությունները:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ցեղասպանության կանխարգելման բնագավառում ՀՀ և հանձնակատարի գրասենյակի համագործակցությանն առնչվող հարցերը:
ԱՀԿ գլխավոր տնօրեն Մարգարետ Չենի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպության շրջանակում ՀՀ-ի հետ համագործակցությունը:
Մ. Չենը ներկայացրել է իր նախաձեռնած բարեփոխումների փաթեթը, որոնք կոչված են բարձրացնել ԱՀԿ-ի դերը առողջապահության ներկայիս մարտահրավերներին դիմակայելու գործում:
Ա. Հովակիմյանը տեղեկացրել է Մ. Չենին Հայաստանի առողջապահության ոլորտում ծրագրավորված բարեփոխումների մասին և նրան հրավիրել Հայաստան:
Նոյեմբերի 15-ին ԱԳ փոխնախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Յան Կուբիշի հետ:
Հանդիպմանն ընդգծվել է հանձնաժողովի հետ ՀՀ համագործակցության կարևորությունը:
Կողմերը քննարկել են կազմակերպության շրջանակում ՀՀ միջազգային պայմանագրերի կատարմանն առնչվող հարցեր:











































