Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Եվրասիայի էներգետիկ հարցերով ԱՄՆ պետքարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարին։
Հանդիպման ժամանակ կողմերը գոհունակություն են հայտնել ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջև երկկողմանի հարաբերությունների զարգացման կապակցությամբ, ինչը մասնավորապես վերաբերում է էներգետիկ ոլորտին։
Կողմերը քննարկել են նաև էներգետիկ ոլորտում համագործակցության հեռանկարները։ Մորնինգսթարը հայտարարել է, որ ողջունում է Ադրբեջանի ու Թուրքիայի միջև էներգետիկ ոլորտում կնքված վերջին համաձայնագիրը։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ը աջակցում է Անդրկասպյան գազատարի նախագծին։
Հիշեցնենք, որ Մորնինգսթարը երկօրյա այցով Ադրբեջան է ժամանել երեկ։ Ինչ վերաբերում է թուրք-ադրբեջանական գազային համաձայնագրին, ապա այն կնքվել է հոկտեմբերի 25-ին, Իզմիրում։ Դրանով նախատեսվում է ադրբեջանական «Շահ Դենիզ» գազային հանքավայրի երկրորդ փուլում (մեկնարկը 2017 թվականին) արդյունահանվելիք գազից տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր գազ թուրքական տարածքով տարանցել դեպի Եվրոպա։











































