Հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ընկերությունները 4-րդ անգամ կմասնակցեն Ինֆորմացիոն տեխնոլոգիաների տարածաշրջանային միջոցառմանը (GITI), որը տեղի կունենա նոյեմբերի 17-19-ը Թբիլիսիում:
Մասնակից հայկական կազմակերպություններն են` «Հայկական ծրագրեր», «Դ-Լինկ», «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն, «Սի Էյջ Էս Վերիսել Սերվիս», «Xinect», «Լայմ Տեխ», «ՍաութԹեք Քընսալտինգ», «Էսենշլ Սըլյուշնս», «Նորմա-պլյուս» ընկերությունները:
Պետական հատվածից հարկատուների համար նորագույն լուծումներ կներկայացնի ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը:
Հայկական ընկերությունների մասնակցության նպատակն է խթանել Հայաստանի ՏՀՏ ոլորտի առաջխաղացումն արտասահմանյան շուկայում:
Միջոցառման ընթացքում հայկական կազմակերպությունները ‹‹Հայկական անկյուն›› տաղավարում կներկայացնեն Հայաստանի լավագույն թվային լուծումները վրացական շուկային և միջոցառմանը ներկա արտասահմանյան գործընկերներին, հանդես կգան գործարար ներկայացումներով, կմասնակցեն տարածաշրջանային նշանակություն ունեցող լավագույն ՏՏ նախագծերի և իրականացրած ծրագրերի մրցույթին:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների տարածաշրջանային միջոցառման հիմնական նպատակն է ստեղծել և խթանել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Բալթյան երկրների, Կովկասի և Միջին Արևելքի երկրների պետական և մասնավոր հատվածների, ասոցիացիաների և ՏՀՏ ոլորտի այլ ընկերությունների միջև համագործակցությունը:
Միջոցառումը բաղկացած է համաժողովներից, ցուցահանդեսից և մրցանակաբաշխությունից:
Կազմակերպիչներն են Վրաստանի ՏՀՏ գործարար խորհուրդը և Վրաստանի արդարադատության նախարարությունը:











































