ԱԺ-ում ներկայացնելով 2012թ. պետբյուջեի նախագիծը` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնավորապես ասել է, որ ԱԺ-ին և հանրությանը արդեն ներկայացրել են արդեն պետբյուջեի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները և ակնկալիքները:
Տ. Սարգսյանը ուշադրություն է հրավիրել երեք կարևագույն խնդիրների վրա, որոնց լուծմանն է միտված լինելու պետբյուջեի նախագիծը:
Նա ընդգծել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարում արդեն ֆիքսել է այն հիմնական թիրախները, որոնցով պետք է առաջնորդվի կառավարությունը` հանրությանն ենք ներկայացնելու մեր երկրի արդյունաբերության զարգացման ծրագիրը, որի նպատակն է ավելացնել մեր արտահանման կարողությունները:
«Մեր պատմության մեջ առաջին անգամ կառավարությունը մասնավոր հատվածի հետ միասին մշակել է այսպիսի ծրագիր:
Երկրորդը՝ բիզնես միջավայրի բարելավումն է, բիզնեսի համար ավելի բարենպաստ պայմանների ստեղծումը: Այն հարկային փաթեթը, որ ներկայացրել ենք ձեզ, նույնպես այդ նպատակն է հետապնդում:
Երրորդը՝ ազատ տնտեսական գոտիների ստեղծումն է, որը կխթանի Հայաստանում մասնավոր ներդրումները»,- ասել է Տ. Սարգսյանը:
Տ. Սարգսյանն ասել է, որ ունենք մեծածավալ ներդրումներ, Հայաստանում ստեղծվում են հազարավոր աշխատատեղեր: Այդ ծրագիրը 2012-ին տալու է ավելի մեծ արդյունքներ:
Հաջորդը, նրա խոսքով, ԵՄ-ի մեր համատեղ ծրագրերն են, որոնց շրջանակում Հայաստանում իրականացվում են բարեփոխումներ, որոնք մեր առջև են բացելու եվրոպական շուկաները:
«Սանկտ Պետերբուրգում ստորագրված համաձայնագիրը ևս կստեղծի ազատ առևտրի հնարավորություն՝ ԱՊՀ անդամ-երկրների, այդ թվում նաև Հայաստանի տնտեսվարող սուբյեկտների համար: Սա էապես կհեշտացնի ապրանքների արտահանումը:
Երկրորդ գերակա խնդիրը, որի վրա մեր ուշադրությունն է հրավիրում Հանրապետության նախագահը. «Անշուշտ, բիզնեսին հարկավոր է քաղաքական կայունություն և կայուն տնտեսական միջավայր: Մենք մեր քայլերով երկուսն է ապահովելու ենք: Տնտեսական կայունության առումով ավելի առաջ ենք գնալու՝ ապահովելով ոչ միայն գնաճի մակարդակի ու ֆինանսական համակարգի կայունությունը, այլև տարեց-տարի կրճատելու ենք պետբյուջեի դեֆիցիտ-համախառն ներքին արդյունք հարաբերակցության մակարդակը: Վերջինս ավելացնելու մեր ամրության պաշարը և 2012 թվականի բյուջեի նախագիծն այդ մասին է խոսում»:
Տ. Սարգսյանի խոսքով` մեր կայունության ապահովման համար 2012թ. ունի առանձնահատկություն` էապես կրճատվելու է պետբյուջեի դիֆիցիտը` այն հասցնելով 3 տոկոսի:
«Դա նշանակում է, որ ուշադրության կենտրոնում ենք պահում արտաքին և ներքին պարտքի բեռի խնդիրը, որպեսզի այն լինի կառավարելի և չվտանգի մեր կայուն զարգացումները ու պետությունն ունենա բավարար լիկվիդային ֆինանսական միջոցներ, ինչն այսօր ժամանակակից աշխարհում կարևորագույն խնդիրն է: Միևնույն ժամանակ 2012-ին էապես բարելավելու ենք հարկեր-ՀՆԱ ցուցանիշը` հարկային մուտքերը նախորդ տարվա համեմատ ավելացնելով շուրջ 101 մլրդ դրամով:
Այս հանգամանքն ունի էական նշանակություն մեր կարողությունների և կուտակած պաշարների ամրապնդման առումով, որպեսզի 2012-ին ի վիճակի լինենք դիմագրավելու այն լրջագույն մարտահրավերներին, որոնք այսօր առկա են»,- նշել է վարչապետը:
2012-ին, ըստ Տ. Սարգսյանի, առաջնահերթ է լինելու կառավարել այն ռիսկերը, որոնք կարող են դրսևորվել:
«Ցանկանում եմ հիշեցնել, որ մենք 2007-2008թթ. կարողացել ենք նախորդ տարիների համեմատ 120-130 մլրդ դրամ ավելի շատ հարկային մուտքեր ապահովել, ինչը նշանակում է, որ 2012թ., երբ արդեն նոմինալ ՀՆԱ-ի ցուցանիշը շատ ավելի բարձր կլինի, քան 2007-2008թթ. ի վիճակի կլինենք այս ցուցանիշը կատարել»,- նկատել է վարչապետը:
2012թ. բյուջեով, ըստ վարչապետի, առաջին հերթին բարձր եկամուտներ ունեցողները պետք է ավելի շատ հարկեր վճարեն, քան ավելի ցածր եկամուտներ ունեցողները:
«Բյուջեի և հարկային փաթեթի տրամաբանությունն այդպիսին է: Պրոգրեսիվ սանդղակի ներդրումը եկամտահարկի մասով հետապնդում է այդ նպատակը: Այն արտոնությունները, որ այդ փաթեթով տրամադրում ենք փոքր ու միջին բիզնեսին, հետապնդում է այդ նպատակը: Այն բեռը, որ մենք դնում ենք շռայլության հարկի ձևով, առաջին հերթին վերաբերվում է հասարակության այն խավին, որն ունի բավարար եկամուտներ` նման ծախսեր իրականացնելու համար», – հավելել է վարչապետը:
2012-ին նպատակ ունենալով վերաբաշխել պետության եկամուտները հարուստներից դեպի աղքատներ` 10 տոկոսով, ըստ վարչապետի, ավելացվելու են 100 հազար ընտանիքների սոցիալական նպաստները, ավելի քան 500 հազար թոշակառուներ թոշակները 10 տոկոսով ավելանալու են, ավելի քան 120 հազար
պետական ծառայողներ օգտվելու են սոցիալական փաթեթից:
«Դա նշանակաում է, որ նրանց համար նույնպես ստեղծում ենք սոցիալական ավելի բարենպաստ միջավայր: Մենք հնարավորություն ենք տալու, որպեսզի ֆինանսավորվի քաղծառայողների կրթությունը, առողջապահությունը, ինչպես նաև նպատակ ունենք խթանել ներքին տնտեսական աճը, և առաջին հերթին մեր գերակայություններից մեկը՝ տուրիզմի զարգացումը: Այս փաթեթում 120 հազար պետական ծառայողների համար առկա է հնարավորություն, որպեսզի նրանք տարվա ընթացքում իրենց հանգիստը կազմակերպեն ՀՀ-ում կամ Լեռնային Ղարաբաղում»,- խոսքը եզրափակել է նա:





































