Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ն Իրանից պահանջել է լրջորեն համագործակցել ԱԷՄԳ-ի հետ և լուրջ պատրաստակամություն ցուցաբերել միջազգային հանրությանն անհանգստացնող իր միջուկային ծրագրի հետ կապված կոնկրետ բանակցություններ վարելու շուրջ։
Այսպիսի որոշում է ընդունվել երեկ Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ, որում քննադատության է արժանացել ուրանի հարստացման ընդլայնման իրանական ծրագիրը։ ԵՄ-ի խորհրդում ընդգծվել է, որ Իրանը խախտել է իր միջազգային պարտավորությունները, այդ թվում՝ նաև ՄԱԿ ԱԽ-ի 6 ու ԱԷՄԳ-ի ղեկավար խորհրդի 10 բանաձևերը։
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնն իր հերթին նշել է, որ Իրանի հանդեպ ԵՄ-ի քաղաքականությունն ունի երկու զուգահեռ ճյուղ. մեկը բանակցային գործընթացի շարունակումն է, իսկ մյուսը՝ պատժամիջոցներով ճնշում գործադրելը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱԷՄԳ-ի զեկույցի հրապարակումից հետո իրանական կողմն ԱԷՄԳ-ին որակեց որպես ԱՄՆ-ի ու Իսրայելի գործիք։








































