Որքան խորանում է տնտեսական ճգնաժամը, այնքան փողի համար պայքարը` աներևույթ երկու բևեռների միջև, դառնում է անզիջում:
Աներևույթ բևեռներին դեռ կանդրադառնանք, բայց կոնկրետ Հայաստանում 2006-ից սկսեցին հաճախակիանալ զինված հարձակումները բանկերի և տարադրամի փոխանակման մասնավոր կետերի վրա: Հենց այդ թվականին էլ Կենտրոնական բանկը որոշեց, որ տարադրամի փոխանակման գործունեությամբ զբաղվող բոլոր կետերը պետք է ուժեղացնեն իրենց անվտանգության համակարգը, տեղադրեն զրահապատ ապակիներ և տեսախցիկ:
Թվում է, թե ԿԲ-ն այս որոշումը կայացնելիս մտահոգված է եղել մասնավոր «չեյնջերի» սեփականատերերի շահերով, բայց դա` միայն առաջին հայացքից. պաշտպանական միջոցների ապահովումը ամենևին էլ չկանխեց ու անվտանգ չդարձրեց մասնավոր փոխանակման կետերի գործունեությունը և նրանց սեփականատերերի ու աշխատակիցների անվտանգությունը: Ընդհակառակը` որոշակի հաճախակիությամբ դրանք սկսեցին կրկնվել ավելի դաժան ձևերով և, շատ դեպքերում, պարզապես հարձակման վայրն էր փոխվում:
Վերջին դեպքերից հիշատակենք մի քանիսը. ընդամենը օրեր առաջ` նոյեմբերի 9-ին, Երևանի կենտրոնում, մարդաշատ վայրում ավազակային հարձակում էր տեղի ունեցել փոխանակման կետի վրա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ատրճանակներով զինված երկու անձինք Խանջյան փողոցի թիվ 37 շենքի առաջին հարկում գործող տարադրամի փոխանակման կետի դիմաց կրակել են 40-ամյա Ռուդիկ Զիրոյանի ուղղությամբ և նրանից գումար հափշտակելով` դիմել փախուստի: Հրազենային վնասվածքներ էր ստացել նաև Ռուդիկ Զիրոյանին օգնության հասած 52-ամյա Լևոն Ավետիսյանը: Նրանք տեղափոխվել էին հիվանդանոց, իսկ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր կրակված 2 գնդակ, 9 մմ տրամաչափի` 3 և անհայտ տրամաչափի 1 կրակված պարկուճ: Ավելի ուշ տեղեկություններ հայտնվեցին, որ Զիրոյանը շրջիկ գումար փոխանակողներից է: Թե այդ հանգամանքն ինչ կարևորություն ունի` հասկանալի կդառնա մեր հոդվածի շարունակությունից: Բայց մինչ այդ հիշատակենք մյուս նմանատիպ դեպքերը:
Այս տարվա մայիսի 25-ի գիշերը, ժամը 23.10-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Շինարարների փողոցի թիվ 15/1 շենքի մոտ ավազակային հարձակում է կատարվել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբին 35-ամյա Արթուր Հ.-ն հայտնել էր, որ ժամը 23.00-ին նշված շենքի բակում գտնվող իր ավտոտնակի մոտ երկու անհայտ անձինք հրազենի սպառնալիքով գումար են պահանջել, սակայն հանդիպելով դիմադրության` հրազենից կրակել և մարմնական վնասվածքներ են պատճառել իրեն ու հորը` 72-ամյա Դավիթ Հ.-ին և հափշտակելով իրեն պատկանող «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան` հեռացել են անհայտ ուղղությամբ: Տուժողները տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայրից հայտնաբերվել էր ինքնաձիգի մեկ գնդակ: Այս դեպքում էլ պարզվեց, որ Արթուր Հ.-ն անհատ ձեռներեց է` փոխանակման կետի սեփականատեր:
Շաբաթներ առաջ էլ քաղաքացիներից մեկի ահազանգով հայտնի էր դարձել, որ Արա լեռան ամառանոցների ճանապարհին կայանված ավտոմեքենայում տղամարդու դիակ կա: Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել էին «ՎԱԶ-21011» մակնիշի 15 ՍԼ 072 համարանիշի ավտոմեքենան, որի մեջ արնաշաղախ վիճակում հայտնաբերվել էր ավտոմեքենայի տիրոջ` Երևանի Օրբելի փողոցի 67 շենքի բնակիչ, 69-ամյա Սերգեյ Հովսեփյանի դիակը` հրազենային բազմաթիվ վնասվածքներով: Նրան սպանել էին «Մակարով» տեսակի ատրճանակից` 2 կրակոցով: Ավելի ուշ պարզվել էր, որ տուժող Սերգեյ Հովսեփյանը Երևանի Կասյան փողոցի 8 հասցեում գործող տարադրամի փոխանակման կետի աշխատակիցն էր: Սպանվածի մոտ հայտնաբերվել էր 22 հազար դրամ, ոսկյա թանկարժեք մատանի և այլ իրեր: Մեկ տարի առաջ էլ` 2010-ի նոյեմբերի 27-ին, սպանել էին նրա հարևանությամբ գործող փոխանակման կետի սեփականատիրոջը` Աշոտ Հարությունյանին:
Նոյեմբերի 27-ին, ժամը 10:00-ի սահմաններում, Արաբկիր վարչական շրջանի Գյուլբենկյան 31 շենքի բակում անհայտ անձը հրազենային 3-4 կրակոցով սպանել էր Կասյան փողոցի արտարժույթի փոխանակման կետերից մեկի 46-ամյա տնօրեն Աշոտ Դ. Հարությունյանին և հափշտակելով նրա մոտ եղած 51 միլոն դրամը` դիմել փախուստի: Այստեղ մի ուշագրավ հանգամանք էր հայտնի դարձել. սպանողը զենքին և քրեագիտությանը լավ ծանոթ անձ էր եղել. եթե նախորդ դեպքերում դեպքի վայրում պարկուճներ, գնդակներ էին հայտնաբերվել, ապա այս դեպքում նման բան չկար. հանցագործը կրակել էր 3 անգամ` երկուսը ողնաշարին, մեկը` գլխին («ստուգիչ» կրակոց), սակայն դեպքի վայրում չէր թողել ոչ մի պարկուճ, որոնցով հնարավոր լիներ հետագայում դուրս գալ որևէ մեկի հետքի վրա: Ինչպես էր դա հնարավոր. ամենայն հավանականությամբ, կրակոցը եղել էր մոտ տարածությունից, խլացուցիչով, և հանցագործը կրակելիս ինչ-որ առարկայով կանխել է պարկուճների անկանոն թռիչքը` աջուձախ, նաև` գետնին ընկնելու պահին լսվելիք ձայնով ավելորդ ուշադրություն չգրավելու համար:
Դպրոցահասակ երկու երեխաների հորը սպանել էին հենց իր բնակարանի շքամուտքից դուրս գալիս: Այսինքն, եթե հարձակումը եղել է առավոտյան, տուժողի` տնից դուրս գալու պահին, և հանցագործը հստակ իմացել էր, որ Հարությունյանի մոտ մեծ գումար կա, սա կարող է առնվազն երկու բան նշանակել. կա՛մ փոխանակման կետի տիրոջը կապի ծառայության աշխատակիցների միջոցով գաղտնալսել են (ինչը եթե հաստատվի, կնշանակի, որ սա կազմակերպված խմբի կատարած հանցագործություն է), կա՛մ մեծ գումարի առկայության և տեղաշարժի մասին հանցագործին «նավոդկա» տվողը սպանվածի աշխատանքային կամ մերձավոր շրջապատից էր եղել: Ամեն դեպքում, իրականացման անհետք ձևն ու արագությունը հուշում է, որ սպանողը պրոֆեսիոնալ է եղել, գուցե` համակարգի ներկայիս կամ նախկին աշխատող:
Ենթադրությունները թողնելով ընթերցողներին, ուշադրություն հրավիրենք այս երկու հարևան «չեյնջատերերի» սպանությունների միջև առկա մի տարբերության վրա. նրանցից մեկից 51 միլիոն էին տարել, իսկ մյուսի թանկարժեք ոսկյա մատանին ու որոշակի գումար չէին վերցրել: Եթե նույն մարդը կամ մարդիկ են այս երկու սպանության հեղինակները, ապա նրանք գուցե այսպես են մտածել. մեզ ձեր փողն էլ պետք չէ, ուղղակի ձեր փոխանակման կետերը փակեք, որովհետև խփում եք որոշակի «աներևույթ խավի» շահերին, քանի որ 2006-ի ԿԲ որոշումը չօգնեց, որ «չեյնջերն», ասենք, առևտրային բանկերի հետ համաձայնության գալով, շուկայում եղանակ չփոխեն: Իհարկե, այդ նույն տարում, բավականին շատ փոխանակման կետեր (ԿԲ տվյալներով` մոտ 80) փակվեցին պահանջված նոր չափանիշների առաջադրման արդյունքում: Եվ 2006-ին Հայաստանում մնաց 313 տարադրամի փոխանակման կետ, որից 220-ը` Երևանում:
ԿԲ Փոխանակման կետերի լիցենզավորման և վերահսկողության վարչության այն ժամանակվա պետ Արտակ Շաբոյանը «չեյնջերի» անվտանգության համակարգի խստացումը բացատրել էր այն հանգամանքով, որ հարձակումները հիմնականում լինում են անվտանգության թույլ համակարգեր ունեցող կետերի վրա, իսկ հեռուստաելույթում նշել, որ «որոշ «չեյնջեր» ծառայում են որոշ տնտեսվարող սուբյեկտների ստվերային գործունեության համար»: Հենց վերահսկողությունից դուրս մնացած գումարների շարժը դուր չէր եկել իշխանությանը: ԿԲ-ից պատճառաբանել էին, որ դրանք չհարկվող գումարներ են, որոնցով «չեյնջերը» ֆինանսավորում են ստվերային տնտեսությանը, ինչը պետք է կանխվի: Իհարկե, այստեղ օրինական պահանջ կա, բայց դրա մեջ հակառակ կողմն այլ ենթատեքստ տեսավ. «չեյնջերի» տերերի կարծիքով` ԿԲ-ն ուզում է փոխանակման կետերը փակել և տարադրամի փոխանակման ծառայությունը կենտրոնացնել հիմնականում բանկերում:
Բանն այն է, որ Հայաստանում բնակչության մի մասն ապրում է դրսից ստացվող գումարներով` մասնավոր տրանսֆերտներով, որոնք մասամբ դուրս են մնում իշխանության վերահսկողությունից: Միայն 2006-ի առաջին կիսամյակում Հայաստանը ստացել է 364 մլն դոլարի տրանսֆերտ, իսկ տարեվերջին դա սովորաբար կրկնապատկվում, եռապատկվում է և հիմնականում «չեյնջերում» փոխանակվում, իսկ բանկերն այնքան էլ չեն օգտվում այդ օգուտներից: Շատերի գնահատմամբ, անկախ «չեյնջերի» փակման արդյունքում այս ոլորտն էլ կմոնոպոլիզացվի ու կկենտրոնացվի գործող մի քանի բանկերի համակարգում: Իսկ թե Հայաստանում ում են պատկանում բանկերը, շատերին է հայտնի: Հնարավոր է չէ՞, որ փոխանակման կետերի փակումը ձեռնտու լինի իշխանությանը կամ իշխանահաճո անձանց:
Մյուս կողմից` հարձակումներ եղան նաև բանկերի («Արդշինինվեստ», «Կոնվերս», «Անելիք») և խոշոր սուպերմարկետների փոխանակման կետերի վրա, որոնց մի մասը բացահայտվեց, մյուս մասը` ոչ, ի տարբերություն փոխանակման կետերի սեփականատերերի վրա հարձակումների:
Հ.Գ. Այս հանգամանքները հաշվի առնելով էլ, գալիս ենք այն եզրահանգման, որ այս երկու խմբերի միջև կարծես չհայտարարված պատերազմ է, քանի որ օրենքի խստացումն այնքան էլ չլավացրեց այդ խմբերից մեկի ֆինանսական վիճակը: Անհատներին սպանում են ու թալանում, բանկիրներին էլ են թալանում, բայց չեն սպանում, այլ նրանց ունեցվածքը պահպանողներին են վնասում: Հետաքրքիր է` նրանց քրեական տարրե՞րն են պատժում, թե՞ նրանք` միմյանց:
«Ժամանակ»











































