Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեֆրի Ֆելթմանը Սենատի արտաքին կապերի կոմիտեի նիստում գովաբանել է Թուրքիային՝ Սիրիայի հարցում որդեգրած դիրքորոշման համար.
«Թուրքիան փաստացիորեն բեռնարգելք է դրել դեպի Սիրիա զենքի առաքման վրա, որով Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի թիմին զրկել է զենքի մատակարարումներից։ Նախկինում Թուրքիան ու Սիրիան սերտորեն համագործակցում էին տնտեսական ու առևտրային ոլորտներում։
Մինչդեռ ներկայումս այդ ամենը կասեցված է՝ Սիրիայում տիրող անկայունության պատճառով։ Այս բոլոր հարցերում մենք սերտորեն համագործակցում ենք Թուրքիայի հետ»։
Ֆելթմանը համոզված է, որ Ասադին հաշվված օրեր են մնացել։
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում տեղի ունեցած Էրդողան-Օբամա հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվեցին Ասադի վրա քաղաքական ճնշումների մեծացման շուրջ: Արդեն հաջորդ օրն իսկ Էրդողանի հրահանգով` Թուրքիան դեպի Սիրիա ռազմական բեռներ փոխադրող ինքնաթիռների համար փակեց իր օդային տարածքը։ Ի պատասխան` Սիրիան արգելեց ամեն տիպի թուրքական ապրանքների ներկրումը:
Հոկտեմբերի 7-ին էլ Ասադը դժգոհել էր, որ Թուրքիան միակողմանի պատժամիջոցներ է սահմանում Սիրիայի նկատմամբ, երբ անգամ ՄԱԿ-ը դա չի անում. «Իմ կարծիքով` ԱՄՆ-ը դեմ է Թուրքիայի և Սիրիայի միջև բարեկամությանը, իսկ Անկարան վերածվել է Օբամայի խոսնակի»։











































