«Ազգ» թերթի փոխանցմամբ, Լաս Վեգասի «Ուինն» հյուրանոցի հրուշակագործ-դիզայներ Ֆլորա Աղաբաբյանը վերջերս Օկլահոմայի Թուլսա քաղաքում կայացած հարսանեկան տորթերի աշխարհի մրցույթում շահել է գլխավոր մրցանակը: Նա հաղթել է հարսանեկան տորթեր ձևավորող լավագույն վարպետներին:
Ֆլորան Լաս Վեգասի «Ուինն» հյուրանոցում իբրև հրուշակագործ աշխատել է 2007 թվականից, պատրաստել է տորթեր ու այլ կարգի թխվածքեղեն այստեղ կազմակերպվող հարսանիքների և հատուկ միջոցառումների համար: «Աղաբաբյանի հրաշալի տաղանդն ու սուր երևակայությունը ստեղծել են ալյուրից ու շաքարից, ձվից ու սիրուց շաղախված գլուխգործոցներ», այսպիսի տողեր գրեց նրա մասին ամերիկյան թերթերից մեկը մրցույթից անմիջապես հետո:
Ֆլորան ԱՄՆ է եկել Հայաստանից 2000 թվականին, և ինչպես Նևադայի հանրային ռադիոյին տված հարցազրույցում է նշել, երբևէ որևէ կարգի կրթություն ու դպրոց չի անցել հրուշակագործության վերաբերյալ ոչ ԱՄՆ-ում, ոչ Հայաստանում: Ամեն ինչ սովորել է ինքնուրույն, կարդալով և անվերջ պատրաստելով, ձևավորելով ու ձևափոխելով տարբեր նախշեր ու դետալներ:
Նա մասնագիտությամբ պարուհի է, իսկ տորթեր թխելն ու ձևավորելը պարզապես մանկության տարիների հոբբի են եղել: Ավելի ուշ, արդեն Ամերիկայում, հրուշակային արվեստի հանդեպ նրա հետաքրքրությունը իսկական ստեղծագործական կրքի վերածվեց:
Սկզբում Հոլիվուդի, հետո Լաս Վեգասի տարբեր հրուշակատներում նրա տաղանդն ի հայտ եկավ` կյանք տալով հրուշակային արվեստի կրկնակը չունեցող գործերի` տորթերի ու զանազան թխվածքների տեսքով:









































