Google բջջային բրաուզերը շուկայում ունեցած մասսայականությամբ շրջանցել է Opera Mini-ին: Այս մասին հաղորդվում է Net Applications վերլուծական ընկերության հոկտեմբերյան հաշվետվության մեջ:
Google-ի բաժինը շուկայում կազմել է 18.7%, իսկ Opera Mini-ինը` 13.1%: Նրանք զբաղեցրել են վարկանիշային աղյուսակի համապատասխանաբար երկրորդ և երրորդ հորիզոնականները: Առաջին տեղում 62.2 %-ով գտնվում է Safari բրաուզերը, որն օգտագործվում է iPhone սմարթֆոններում, iPad պլանշետներում iPod touch ձայնարկիչներում:
Վերլուծաբանների կարծիքով, Opera Mini-ի բաժնի անկման պատճառը սմարթֆոնների և պլանշետների լայն տարածումն է: Մինչդեռ Opera Mini-ին աշխատում է «սովորական» բջջային հեռախոսների վրա:
«Համակարգչային» բրաուզերների շուկայում նախկինի պես առաջատարը Internet Explorer-ն է (52.6%), սակայն նրա մասսայականությունը գնալով նվազում է: Երկրորդ տեղը զբաղեցնում է Firefox-ը` 22.5%-ով: Երրորդ և չորրորդ հորիզոնականներում հայտնվել են համապատասխանաբար Chrome-ը` (17.6%) և Safari-ն (5.4%):








































