«Որպես ոստիկանապետ` ինքը միշտ մեծ ուշադրություն է դարձրել ճանապարհային ոստիկանության խնդիրներին և շատ հետևողական է եղել»,- գնահատելով ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի` համակարգում կատարած աշխատանքը` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը:
Ասուլիսի հենց սկզբից Սարգսյանը զգուշացրեց, որ Ալիկ Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ որևէ հարց իրեն չուղղեն, քանզի չի մեկնաբանելու:
Ամփոփելով այս տարվա տասը ամիսների ավտոտրանսպորտային պատահարները՝ Սարգսյանը նկատեց, որ այդ ընթացքում վրաերթի է ենթարկվել 137 հետիոտն, իսկ հիմնական վրաերթերը կատարվում են այն մասերում, որտեղ հետիոտնի համար անցումներ չկան:
Անցած ամիսների ընթացքում սխալ վայրով անցնելու պատճառով տուգանվել է 8368 հետիոտն:
Սարգսյանը նկատեց, որ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում հետիոտնը անցնում է նախատեսված վայրերով, սակայն այլ վայրերում խախտումները զանգվածային են, իսկ իրենք այնքան ճանապարհային ոստիկան չունեն այդ բոլոր խախտումներին հետևելու համար:
Այս տարվա տասը ամիսների ընթացքում գրանցվել է 1866 ավտոտրանսպորտային պատահար, որի ընթացքում 249-ը զոհվել են, 2734-ը ստացել մարմնական վնասվածք:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պատահարների թիվն աճել է 254-ով, զոհերինը` 24-ով, վիրավորներինը` 531-ով: Նա նկատեց, որ աճը պայմանավորված է ոչ թե ԱՊՊԱ համակարգի ներդրմամբ, այլ նրանով, որ պատահարները սկսել են գրանցել. «Եթե նախկինում թեթև քերծվածքի դեպքում դեպքի վայրից թողնում և հեռանում էին, ապա այժմ մնում են մինչև վերջ և սպասում փոխհատուցման»:
Անցած տասը ամիսների ընթացքում նյութական վնասներով պատահարները 5285-ն են:
Մարմնական վնասվածքներով պատահարներն աճել են 10 տոկոսով, ինչը, ըստ Սարգսյանի, պայմանավորված է մեծաքանակ մեքենաների ներմուծմամբ:
Ըստ նրա՝ անցած տասը ամիսների ընթացքում
ներմուծվել է 20403 մեքենա:








































