«Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը շարունակում է խորանալ, և իրավիճակը մինչ այժմ թվում է փակուղային ու անլուծելի», – «Россия в глобальной политике» ամսագրում գրել է Հարավային Կովկասում Եվրամիության նախկին հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին։
«Այս հակամարտության ներքին տրամաբանությունն ու զարգացումը հղի են լուրջ վտանգներով։ Հակամարտության կտրուկ սրման իրական վտանգ կա, կողմերը սպառազինությունների մրցավազք են սկսել, որը չի թուլանում և ավելի է ապակայունացնում իրավիճակը»,- փաստել է եվրոպացի դիվանագետը։
Սեմնեբիի համոզմամբ՝ հրադադարի մասին կողմերի միջև ստորագրված համաձայնագիրը «անհուսալի և ինքնակարգավորվող մի փաստաթուղթ է, որի իրագործմանը հետևում են ընդամենը մի քանի դիտորդներ ԵԱՀԿ-ից»։
«Եվրամիությունը կարող է որոշ քայլեր ձեռնարկել կողմերի միջև վստահությունը ամրապնդելու ուղղությամբ, ինչպես նաև քաղաքական և գործնական ներդրում ունենալ Մինսկի խմբի աշխատանքներում»,- կարծիք է հայտնել դիվանագետը և առաջարկել քայլեր ձեռնարկել հատկապես հրադադարի մասին համաձայնագիրը ամրապնդելու համար։
«Երկրորդ գերակայությունը, որին ԵՄ-ն պետք է ուշադրություն դարձնի, ժողովրդավարության զարգացումն է երեք երկրներում»,- գրել է Սեմնեբին՝ խոստովանելով, որ տարածաշրջանում անցկացրած տարիների ընթացքում մի քանի անգամ անձնապես մասնակցել է ներքաղաքական ճգնաժամերի հանգուցալուծմանը, այդ թվում՝ 2008 թ. Հայաստանում։
«Թեև վերջին տարիների ընթացքում Բրյուսելը մի շարք քայլեր է ձեռնարկել տարածաշրջանում քաղաքական կայունությունը ամրապնդելու և բարեփոխումները խթանելու ուղղությամբ, այդուամենայնիվ, ժողովրդավարությունը այստեղ դեռ տեղապտույտ է տալիս,- գրել է Հարավային Կովկասում ԵՄ նախկին հատուկ ներկայացուցիչը։- Ներքաղաքական իրավիճակի վրա բացասաբար են ազդում ոչ միայն իշխանության ու ընդդիմության միջև երկխոսության բացակայությունը, այլև տարածաշրջանային հակամարտությունները, որոնք խոչընդոտում են քաղաքական բարեփոխումներին ու տնտեսական զարգացմանը»։
Հարավային Կովկասի նկատմամբ առավել արդյունավետ քաղաքականություն որդեգրելու համար դիվանագետը ԵՄ-ին առաջարկում է մշտական շփումների մեջ լինել ՌԴ-ի հետ, աշխատել հայ-թուրքական արձանագրությունները փակուղուց դուրս բերելու ուղղությամբ և հոգ տանել, որպեսզի առկա հակամարտությունները նորից չբռնկվեն՝ ինչպես 2008 թ. հնգօրյա պատերազմի ժամանակ։
«Հարավային Կովկասի երեք հանրապետությունների բնակիչներին մեկ միասնական ինքնություն է անհրաժեշտ իրար ավելի լավ հասկանալու համար,- կարծիք է հայտնում Սեմնեբին ու մանրամասնում,- Եվրամիությունը կարող է երեք ազգերի համար եվրոպական մեծ ընտանիքին պատկանելու նոր հայեցակարգ սահմանել, և դրանով իսկ օգնել նրանց՝ դուրս գալու նեղ ազգայնական ինքնորոշման շրջանակներից։ Նրանք այդուհետ կարող են միասնական նպատակներ հետապնդել և ոչ թե իրենց էներգիան վատնել հակամարտությունների վրա, որոնցից որևէ մեկը չի շահում»։







































