Բացառված է, որ հերթական ընտրությունների հնարավորության մասին հայտարարությունը Հայ ազգային կոնգրեսի պառակտման պատճառ դառնա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ՀԱԿ ներկայացուցիչ, Հայաստանի ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը:
«Վերջին հաշվով, արտահերթ ընտրությունները գերխնդիր չեն, դրանք լոկ հանցավոր իշխանություններից ազատվելու միջոց են: Արտահերթ ընտրությունները մեզ համար գործընթաց սկսելու խնդիր են եղել: Պարզապես` ինչքան շուտ, այնքան ավելի ճիշտ: Ամեն դեպքում, Հայ ազգային կոնգրեսը քաղաքական կառույց է և մասնակցություն ունի քաղաքական գործընթացների մեջ: Ամեն րոպե, ամեն վայրկյան իշխանությունն զգալու է ՀԱԿ-ի շունչը: Մինչև ընտրությունների վերջին օրը մենք արտահերթ ընտրությունների խնդիր ենք դնելու»,- նկատեց Սուրեն Աբրահամյանը` ավելացնելով, որ ՀԱԿ-ի նման կայացած կառույց մինչ այժմ չի եղել:
Հիշեցնենք, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքի ընթացքում նշել էր, որ չի բացառում` զարգացումները տանեն հերթական և ոչ` արտահերթ ընտրությունների:











































