Ադրբեջանական Day.Az գործակալությանը տված հարցազրույցում քաղաքագետ Ռասիմ Աղաևը անդրադարձել է հայաստանյան ներքաղաքական իրավիճակին:
«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ներքին և արտաքին քաղաքականությունը իսկապես ընթանում է ազգային առանձնահատկությունների սահմաններում, և սա իրականություն է, որը նկատում են նաև Հայաստանի հակաիշխանական ճամբարում: Այսօրվա դրությամբ՝ Հայաստանում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, երբ իշխող այսպես կոչված` «ղարաբաղյան կլանը» մտադիր է պահպանել իշխանությունը ամեն գնով»,- նշել է Ռասիմ Աղաևը:
Ըստ քաղաքագետի` հայաստանյան իշխանությունների վարած քաղաքականության հիմքում ընկած է, օրինակ, «երկրից առավել ակտիվ բողոքավոր ընտրազանգվածին դուրս հանելը»:
«Հայաստանի իշխանությունները այդ նպատակն են հետապնդում, քանի որ նման պետական քաղաքականության արդյունքում Հայաստանում կմնա իներտ, ենթարկվող մասսան»:
Անդրադառնալով պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությանը` Ռասիմ Աղաևը նկատել է, որ Հայաստանի իշխանությունները «շարունակում են փչացնել հարաբերությունները սահմանակից երկրների` Ադրբեջանի, Թուրքիայի և նույնիսկ Վրաստանի հետ»:
«Հայաստանի այսօրվա արտաքին քաղաքականության հիմքում կարծես իսպառ բացակայում է դիվանագիտական պրակտիկա հասկացությունը»,- նշել է ադրբեջանցի քաղաքագետը:











































