Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանի կարծիքով՝ ցանկացած քայլ կարող է ազդեցություն ունենալ հասարակության տրամադրվածության վրա, այդ թվում՝ նաև ՀԱԿ առաջնորդի հայտարարությունը հերթական խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Տեր-Աբրահամյանը նկատեց, որ, իր կարծիքով, հերթականի մասին մտածելը դեռևս շուտ է. «Հասկանում եմ, որ քաղաքական ուժն այսօրվանից արդեն պետք է դրա մասին մտածի և կողմնորոշվի, բայց անձամբ ինձ համար այդ հարցն այս պահին գոյություն չունի»:
Հրանտ Տեր-Աբրահամյանը նաև նկատեց, որ այս պարագայում խնդիրը ոչ թե արտահերթ կամ հերթական ընտրություններն են, այլ պայքարը, որը պետք է լինի ուժի մեջ, իսկ թե տարբեր հանգրվաններում ինչ մեխանիզմներ և ինչ կարգախոսներ են ճիշտ համարվում, թեև կարևոր, բայց երկրորդական հարց է, իսկ առաջնայինը պայքարն է ու արդար գործը:
Տեր-Աբրահամյանը նշեց, որ իմփիչմենթի հասնելու նպատակը միակ տրամաբանական պատճառը կարող է լինել հերթական ընտրություններին մասնակցելու համար. «Այլ հիմնավորում ես չեմ տեսնում, բայց նաև այս պահին դժվար է հաշվարկել, թե ինչ քաղաքական իրավիճակ կլինի հաջորդ տարվա գարնանը: Այդ իսկ պատճառով ինձ համար հերթական ընտրությունների օրակարգը չկա»:
Հրանտ Տեր-Աբրահամյանը նաև հավելեց, որ հերթական ընտրություններին ուղղակի մասնակցելու և «Ժառանգություն» կուսակցության նման փոքր խմբակցություն ձևավորելու մեջ իմաստ չկա:











































