Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում փոխվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում սպանված հայկական «Ակօս» թերթի լրագրող Հրանտ Դինքի գործը վարող դատախազ Սելիմ Բերնա Ալթայը։
Վերջինս ավելի քան 4 տարի վարում էր Դինքի սպանության գործը, այժմ նրան փոխարինելու է Մուամեր Աքքաշը։ Վերջինս իր հերթին վարում էր հայտնի երգիչ Իբրահիմ Թաթլըսեսի դեմ կատարված մահափորձի գործը։
Այժմ Աքքաշը պետք է առաջիկա օրերին ծանոթանա Հրանտ Դինքի սպանության գործի մանրամասներին։
Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Ստամբուլի 2-րդ անչափահասների ծանր հանցագործությունների դատարանը Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթին «կանխամտածված սպանություն իրականացնելու» և «ապօրինի զենք կրելու» համար դատապարտել է 22 տարի 10 ամիս ազատազրկման։
Այժմ բաց է մնացել Դինքի սպանության կազմակերպիչներ Յասին Հայալի ու Էրհան Թունջելի, ինչպես նաև մյուս հանցակիցների հարցը։ Ի դեպ, այս երկուսին սպառնում է ցմահ ազատազրկում։











































