Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ նախկինում Ադրբեջանի, ներկայումս ԵԽԽՎ-ի քաղբանտարկյալների գծով զեկուցող Քրիստոֆ Շտրասերի ադրբեջանական այցը դարձյալ հետաձգվել է։ Շտրասերի գրասենյակը պարզաբանել է, որ Շտրասերի ադրբեջանական այցի հետաձգման պատճառն այն է, որ ադրբեջանական կողմը հրաժարվում է անցագիր տրամադրել նրան։
Նշվում է, որ Շտրասերը պլանավորել էր Ադրբեջան այցելել նոյեմբերի 4-ին, և դրա համար իր փաստաթղթերը ներկայացրել էր Գերմանիայում Ադրբեջանի դեսպանատուն, սակայն այդպես էլ որևէ պատասխան չի ստացել, ինչի համար էլ ստիպված է եղել հետաձգել իր ադրբեջանական այցը։
Ստեղծված իրավիճակը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Էլման Աբդուլաևը. «Ադրբեջանը կարծում է, որ նմանատիպ մանդատով մեր երկիր զեկուցողի գալն «անարդարացի ու անընդունելի» է։ ԵԽ-ի շրջանակներում գոյություն չունի «քաղբանտարկյալ» հասկացության հստակ որոշակիացում։ Դրա հետ մեկտեղ, Ադրբեջանը դեմ չէ, որ Շտրասերը՝ որպես սովորական քաղաքացի կամ Բուդեսթագի պատգամավոր, այցելի Ադրբեջան»։
Հիշեցնենք, որ Շտրասերն Ադրբեջանի քաղբանտարկյալների գծով ԵԽԽՎ զեկուցող է նշանակվել 2009 թվականի մարտին։ Սակայն նա ոչ մի անգամ չի այցելել Ադրբեջան, քանի որ ադրբեջանական կողմը շարունակ մերժում է նրան անցագիր տրամադրել՝ պնդելով, թե իր երկրում «չկան» քաղբանտարկյալներ։ Նմանատիպ վերջին դեպքը տեղի էր ունեցել այս տարվա օգոստոսի կեսին։
Ի դեպ, ԵԽԽՎ վերջին նստաշրջանում Շտրասերի մանդատը փոփոխության է ենթարկվել. նա Ադրբեջանի քաղբանտարկյալների զեկուցողից վերածվել է ԵԽԽՎ քաղբանտարկյալների զեկուցողի, ինչը, փաստորեն, նույնպես չներգործեց ադրբեջանական իշխանությունների վրա։









































