Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը այսօր «Փաստարկ» ակումբում անդրադարձավ ներքաղաքական գործընթացներին:
Նա նախ վերհիշեց, որ այսօր հոկտեմբերի 27-ն է, որին զոհ գնացին արժանավոր մարդիկ, այդ թվում՝ Կարեն Դեմիրճյանը:
«Չկա Սովետական Միությունը, որը կանխեր ագրեսիան»,- կարծում է առաջին քարտուղարը` քննադատելով հիմնականում Միացյալ Նահանգներին:
ՀԿԿ առաջին քարտուղարը նշեց, որ Հայաստանն այսօր գտնվում է քաղաքական-տնտեսական ճգնաժամի մեջ: «Եթե մենք այսօր մտածում ենք, որ «ժողովրդավար» բառը արտասանենք՝ պետք է անցկացնենք արդար ընտրություններ, որին ես կասկածում եմ»,- ասաց նա՝ նկատելով, որ անդրկուլիսյան նախընտրական պայքարը արդեն իսկ մեկնարկել է:
ՀԿԿ առաջին քարտուղարը նաև հավելեց, որ կոմկուսը համայնավարական կուսակցություն է, ժողովրդի կողքին է, և չի միանա ՀՀԿ-ին, իսկ մյուս կուսակցությունները, ովքեր նման քայլեր են անում` իրենց շահի մասին են մտածում:
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ ՀԿԿ առաջին քարտուղարը նշեց. «Այն պահից երբ Գյումրու վրայից վերցվի ռուսական դրոշը, որը մեր սահմանապահների սիմվոլն է` այդ պահից կսկսվի ծանր կացություն Հայաստանի համար»:
Խոսելով Ադրբեջանի` ՄԱԿ-ի ԱԽ-ի ժամանակավոր անդամ ընտրվելու փաստի մասին, Ռուբեն Թովմասյանը նկատեց, որ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել նաև հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում:











































