Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը «Անդրկասպյան» գազատարի իրավական բազայի շուրջ արդեն իսկ բանակցություններ է սկսել Ադրբեջանի և Թուրքմենստանի հետ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդկուլիևը։
Վերջինիս խոսքերով՝ այդ մասին առաջին բանակցությունները տեղի են ունեցել ոչ վաղ անցյալում Բրյուսելում. «Բանակցությունները մեկնարկել են։ Առաջին հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի երկրորդ տասնօրյակին Բրյուսելում։ Դրան մասնակցել են ԵՄ-ի, Ադրբեջանի և Թուրքմենստանի ներկայացուցիչները»։
Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի 7-ին ԵՄ-ը «Անդրկասպյան» գազատարի իրավական բազայի ստեղծման վերաբերյալ բանակցությունների վարման մանդատ է տրամադրել Եվրահանձնաժողովին։ «Անդրկասպյան» գազատարը պետք է միմյանց կապի Կասպից ծովի թուրքմենական ու ադրբեջանական ափերը։
Ռուսաստանն ու Իրանը դեմ են հանդես գալիս դրան՝ ընդգծելով, որ այդ խնդիրը կարող է լուծվել միայն Կասպիցի կարգավիճակի (ծով կամ լիճ) հստակեցումից հետո։ Բացի այդ, Ռուսաստանը բարձրացնում է Կասպիցի բնապահպանական խնդիրը։