Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն այսօր «Հենարան» ակումբում խոսեց Վաշինգտոնում տեղի ունեցած հայ-ադրբեջանական կոնֆերանսի, Թուրքիայում իր մասնակցությամբ կայանալիք կոնֆերանսի մասին, ինչպես նաև գնահատեց Հայաստանի արտաքին քաղաքական վերջին զարգացումները:
Խոսելով Վաշինգտոնում տեղի ունեցած հայ-ադրբեջանական կոնֆերանսի մասին, որին մասնակցում էին հայ և ադրբեջանցի պաշտոնյաներ (Տիգրան Մկրտչյանը` ՀՀ ԱԳՆ-ից, Թուրքիայից` ԱԳՆ պաշտոնական խոսնակը, Վաշինգտոնում Ղարաբաղի ներկայացուցիչը), քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, սփյուռքի ներկայացուցիչներ, բանախոսն ասաց, որ սա իրական փորձ էր՝ իրական երկխոսության ծավալման համար: Եռօրյա քննարկումների առաջին երկու օրերը ակադեմիական էին, և եղել են նաև գաղտնի հանդիպումներ:
Ռ. Կիրակոսյանն արդյունավետ համարեց հանդիպումը, նշելով, որ այն առավելապես երկխոսություն կառուցելու փորձ էր: Նա ընդգծեց կարևոր համաձայնությունները, որոնց հաջողվել է հասնել: «Առաջինը` սա առաջին քայլ կհամարվի երկխոսության ընթացքում, միջոցառումը կդառնա ավելի ընդգրկող` բացելով երկխոսության սահմանները` ներգրավելով նաև ԼՂ ներկայացուցիչների: Պայմանավորվեցինք համաձայնել` չհամաձայնելու մասին, բայց դա չպետք է խանգարի երկխոսության ընթացքին»,- նշեց նա և օրինակ բերեց ԼՂ խնդիրը:
Ռ. Կիրակոսյանը նշեց, որ սա նաև հայ-թուրքական հարաբերություններին անդրադարձ կատարելու մի փորձ էր: «Հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը տարանջատվեց ղարաբաղյան հիմնախնդրից»,- նկատեց նա:
Թուրքիայում իր մասնակցությամբ կայանալիք կոնֆերանսի մասին նա ասաց, որ, այնուամենայնիվ, բոլոր սպասելիքները Թուրքիայից են, քանի որ Հայաստանն ամեն ինչ արել է, նույնիսկ՝ ավելին: «Վանի երկրաշարժը կարող է որոշ փոփոխություն մտցնել: Հայաստանի նախագահը ցավակցեց Թուրքիային և առաջարկեց մարդասիրական օգնություն: Հետաքրքրական է, որ Թուրքիան մերժեց նախ այդ աջակցությունը: Սա ցույց է տալիս, որ Հայաստանը փորձում է վճռորոշ դեր ունենալ, բայց բոլորը հասկանում են, որ Թուրքիան պետք է շարժվի»:





































