Հայաստանի Հանրային խորհրդի և Ռուսաստանի Հասարակական պալատի միջև համաձայնագիր կկնքվի: Այսօր կայացած ռուս գործընկերների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
Նրա խոսքով՝ ինչպես Հանրային խորհրդի, այնպես էլ Ռուսաստանի Հասարակական պալատի ամենակարևոր հարցերից մեկը քաղաքացիական հասարակությունների զարգացումն է երկու երկրներում: «Եթե հասարակությունը չի կարողանում ճնշումների հաշվին հասնել բարեփոխումների, վիճակն ի վերջո բերում է նրան, ինչ եղավ արաբական երկրներում»:
Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության հարցերով հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը իր հերթին նկատեց, որ քաղաքացիական հասարակության զարգացման ոլորտում Հայաստանում դեռևս շատ անելիքներ կան: «Անելիքներ կան նաև սոցիալական գործընթացների վրա ազդելու մասով: Քաղաքացիական հասարակության բնագավառում կան մի շարք խնդիրներ և կարծրատիպեր, որոնք անհրաժեշտ է վերացնել»:
Նա նաև տեղեկացրեց, որ վիրավորանքի և զրպարտանքի ապաքրեականացումից հետո իրենց հանձնաժողովը հանդես է եկել նախաձեռնությամբ, որպեսզի լրատվամիջոցները ինքնավերահսկման մեխանիզներ մշակեն: «Մենք գիտակցում ենք, որ միայն պատասխանատու աշխատանքը կարող է բերել դրական արդյունքների և այդ ուղությամբ աշխատանքներ ենք տանում»,- նշեց Հովհաննիսյանը:
Ամփոփելով՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ընդգծեց, որ Ազգային ժողով կներկայացվի Հանրային խորհրդի մասին օրենքը՝ «Ի տարբերություն Ռուսաստանի, ուր գործում է Հասարակական պալատի մասին օրենքը Հայաստանը Հանրային խորհրդի մասին օրենք չունի»:





































