«Առաջին լրատվական»-ի «Սիրանկյուն» հաղորդաշարի հյուրն է հրապարակախոս, «Դարձ ի շրջանս յուր» նախագծի հեղինակ Տիգրան Պասկևիչյանը
– Պարոն Պասկևիչյան, օրերս «Եվրասիա» հիմնադրամի դրամաշնորհով «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում իրականացրիք «Դարձ ի շրջանս յուր» նախագիծը, որը նվիրված է 1946-1948թթ. Մեծ հայրենադարձությանը: Առհասարակ ի՞նչ խնդիր եք դրել Ձեր առջև, ո՞րն է նպատակը:
– Նախ ասեմ, որ նախագծի մասին ավելի քան 10-15 տարի առաջ էի մտածել, սակայն չէր իրականացվում միայն այն պատճառով, որ չկային ֆինանսական միջոցներ: «Այլընտրանքային լրատվության ռեսուրսներ» ծրագրի գաղափարախոսության և մեր ծրագրի միջև գտանք առկա այն ընդհանուր եզրերը, որով հնարավոր եղավ իրականացնել նախագիծը, և ես շնորհակալ եմ «Եվրասիա» հիմնադրամին, որ մեզ վստահեցին և դրամաշնորհ տրամադրեցին այս գործն իրականացնելու համար: Նպատակն է` առաջին հերթին մեր պատմության մի ամբողջական հատվածի վրա լույս սփռել, որովհետև հայրենադարձությունը այս կամ այն կերպ դարձել էր պատմական ուսումնասիրության առարկա: Պետք է ասեմ, որ որպես պատմական իրադարձություն` հայրենադարձությունը բավականին սակավ է ուսումնասիրված: Ընդամենը Հովիկ Մելիքսեթյանի հեղինակած գիրքը կարող է համարվել ամբողջական ուսումնասիրություն, պարզապես այդ գիրքը գաղափարականացված է, և բնական է, քանի որ Սովետական Միության ժամանակաշրջանում այլ կերպ չէր կարող լինել, բայց որպես փաստական բազա` բավական արժեքավոր է և ընդգրկում է 20-ականներից մինչև 50-60-ականների ընթացքում Մեծ հայրենադարձությունը և փոքրիկ ներգաղթի երևույթներ:
– Այս ուսումնասիրությունները, ի վերջո, տալի՞ս են պատկերացում` ի՞նչ նպատակով այն ժամանակ ներգաղթ կազմակերպվեց:
– Մենք առայժմ ոչ թե ուսումնասիրություն ենք կատարում, այլ` հավաքչական աշխատանք: Ֆիլմը գուցե ոչ պատմական գիտական մակարդակով, բայց գոնե հրապարակախոսական մակարդակով գուցե հավակնի հարցեր բարձրացնելու և պատասխաներ տալու, իսկ վեբկայքն այս պահին ամբողջությամբ հավաքչական աշխատանք է: Վեբկայքում` hayrenadardz.org, կենտրոնացրել ենք ողջ ռեսուրսը: Տարբեր բաժիններ ունենք. կա աշխարհագրություն` որտեղից որքան մարդ եկավ, պատմական ակնարկ, մարդկային պատմություններ (որը, ի դեպ, շատ կարևոր է), որովհետև շատ քիչ են մնացել այդ ամենը վերապրողները, և մենք պետք է փորձենք գտնել այդ մարդկանց, հաջորդը` գրքեր բաժինն է, դարձյալ շատ կարևոր, և մենք փորձում ենք ի մի բերել այդ թեմայի շուրջ ամբողջ գրականությունը: Շատ արժեքավոր է Արմինե Ստեփանյանի գիրքը, որը գրված է ազգագրագետի տեսանկյունից, որը հայրենադարձությունը հայ ինքնության կոնտեքստում է քննարկում և գրված է հիմնականում մարդկանց վկայությունների վրա, իսկ գրքեր բաժինը հիմնականում անձնական հուշագրություններ է ներկայացնում:
– Պարոն Պասկևիչյան, անկախության շրջա նը որքանո՞վ է ներկայացված, նկատի ունեմ` կա՞ վիճակագրություն 20 տարիների ընթացքում քանի՞ հոգի է վերադարձել, արդյոք ներգաղթ կազմակերպելու խնդիր դրվե՞լ է առհասարակ:
– Իրականում այստեղ խոսքը գնում է 45-46թթ. հայրենադարձության մասին: Հետագայում գուցե փորձենք անդրադառնալ, որովհետև դիտարկել հայրենադարձությունն առանց հետագա արտագաղթի, հնարավոր չէ: Հայրենադարձությունը մի երևույթ էր, որը հետո հանգեցրեց արտագաղթի, մինչդեռ մի շատ հետաքրքիր պահ կա, որը այս աշխատանքի ընթացքում փորձենք պարզել` արդյո՞ք այսօրվա մեծ արտագաղթը հետևանք չէր այն բանի, որ ժամանակին հայրենադարձություն կազմակեպվեց, որովհետև եթե մենք կապում ենք այն երևույթների հետ, որի պատճառով այսօր մարդը գնում է Հայաստանից, այդ երևույթներն առկա էին նաև Սովետական Միության մյուս հանրապետություններում, ասենք` Վրաստանում, բայց այնտեղ այսքան մեծ չափերի չի հասնում արտագաղթը:
– Փաստորեն, Դուք ինչ-որ առումով դա պայմանավորում եք մեր մեծ հայրենադարձությա՞մբ:
– Մեր հերոսներից մեկը, ում հետ հարցազրույց էինք վարում Լոս Անջելեսում, մի շատ հետաքրքիր բան ասաց` ես հայրենադարձ էի, իմ ընտանիքով եկա Ամերիկա, բայց այսօր ես հաշվում եմ, որ իմ հետևից, իմ միջոցով Ամերիկա է եկել մոտ 18 մարդ:
– Այսօրվա արտագաղթի մեծ տեմպերը 1946-48թթ. ներգաղթի հետ ի՞նչ կապ կարող են ունենալ:
– Բոլոր դեպքերում արտագաղթի պատճառը կոնֆլիկտն է: Հայրենադարձության նյութերը հավաքելիս, նյութերի հետ շփվելիս մենք տեսնում ենք, որ առկա է եղել շատ մեծ հակասություն, կոնֆլիկտ մարդու և հասարակարգի, մարդու և պետության, իրավակարգի միջև: Այդ մարդկանց ասել էին` գնում եք հայրենիք, այդ մարդիկ եկան հայրենիք, բայց հայրենիքում տեսան գաղափարախոսություն, իրավական նորմեր, որոնք իրենց հարիր չէին, չեմ խոսում դեռ այն բռնությունների մասին, որ կիրառվեց այդ մարդկանց նկատմամբ, աքսորեցին Սիբիր և այլն: Այսինքն` այս նյութն ուսումնասիրելով` կարելի է ճշգրտորեն մոտենալ այն պատճառներին, թե այսօր ինչու են հեռանում երկրից:
– Իսկ ինչո՞ւ են այսօր հեռանում երկրից, պատճառը դարձյալ հասարակարգի և մարդու միջև առկա կոնֆլի՞կտն է, թե՞ պարզապես մարդը իր ապագան չի տեսնում իր երկրում:
– Այսօրվա հիմնական պատճառները այդ բոլոր տեսակի հակասությունների խտացումն է: Ես տեսնում եմ ինքնադրսևորման անհնարինություն Հայաստանում: Այսօրվա աշխարհում կյանքը դինամիկ է, և մարդիկ ուզում են այդ դինամիկայով ապրել, մարդը ուզում է իր քայլերը տրամաբանական հաջորդականություն ունենան: Չեմ հասկանում` Հայաստանում մարդիկ դպրոցն ավարտելուց հետո ինչո՞ւ են բուհ ընդունվում… միևնույն է, դա ավարտելուց հետո հաջորդ քայլը գնալն է:
– Պարոն Պասկևիչյան, վերջերս Հայաստան -Սփյուռք համաժողովի ընթացքում սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներգաղթի կազմակերպման միտք հայտնեց, նաև ասաց, որ արտագաղթը այդքան էլ մեծ տեմպերի չի հասնում:
– Բարեբախտաբար, այսօրվա տեխնոլոգիական միջոցները ամբողջ աշխարհում մարդկանց հնարավորություն են տալիս իմանալ ճշմարտությունը, և բարեբախտաբար, այսօր հնարավոր չէ կրկնել այն, ինչ արվել է 46-48թթ.-ին, քանի որ այսօր Հայաստանում ինչ իմաստ ունի ներգաղթ կազմակերպել, երբ քաղաքացին թողնում հեռանում է Հայաստանից, դուք ինչո՞վ եք գրավելու դրսից եկած մարդուն, որ գա Հայաստանում ապրի, ո՞րն է այս երկրի գրավչությունը: Հրանուշ Հակոբյանը կարո՞ղ է հինգ կետից նշել, թե ինչը կարող է գրավել մարդուն գալ Հայաստան հաստատվել:
– Դե, կասեն` հայրենիքի նկատմամբ սիրով…
– Հայրենիքի նկատմամբ սերը շատ աբստրակտ բան է: Անկախության 20 տարիները ցույց տվեցին, որ հայրենիքի նկատմամբ ունեցած սիրով մարդիկ չեն սնվում, չեն հաստատվում Հայաստանում, ներդրումներ չեն անում: 46-48թթ.-ին սոցիոլոգիական միջոցները շատ սահմանափակ էին, բացի այդ, Սովետական Միությունը ինքը իրեն փակել էր երկաթե վարագույրով, և շատերը չգիտեին ինչ է կատարվում հայրենիքում: Թեև դաշնակցականները պրոպագանդա էին անում, որ չգան (ըստ էության, միակ ճիշտ ինֆորմացիան այդ ժամանակ ասել են դաշնակցականները, դաշնակցական մամուլը), բայց շատ չէին հավատում նրանց և որոշել էին իրենք գան տեսնեն, իրենց մաշկի վրա զգան: Իսկ տեղեկատվության մատչելիությունը թույլ է տալիս մարդկանց կշռադատել: Շատ նյութերում մարդիկ ասում են, որ եթե մենք իմանայինք ինչ է լինելու, չէինք գա:
– Պարոն Պասկևիչյան, մեր երկիրը ե՞րբ կլինի գրավիչ: Եվ ի՞նչ ճանապարհով պետք է հայրենադարձություն կազմակերպել:
– Կարծում եմ` հայրենադարձություն կազմակերպել հնարավոր չէ: Հայաստանը պետք է լինի գրավիչ, երբ Հայաստանում տեղի ունենան փոփոխություններ, Հայաստանը կարողանա ազատվել այն քաղցկեղից, որը կոչվում է կոռուպցիա: Երբ կոռուպցիա կոչվող քաղցկեղը հանվում է, երկիրը կամաց -կամաց դառնում է գրավիչ:
– Վրաստանի՞ օրինակով:
– Վրաստանն, այնուամենայնիվ, կարողացավ դա անել, ազատել ինքն իրեն այդ մետաստազներից, կոռուպցիայից և կարող է առանց բյուրոկրատիայի իր խնդիրները լուծել: Այս ամենը թեթևացնելուց հետո կենսամակարդակը շատ արագ կարող է լավանալ, որովհետև պետք է հաշվի առնել, որ դրանք նույնպես կենսամակարդակի բարելավմանը խոչընդոտող գործոններ են:
– Արտահերթ ընտրությունները կնպաստե՞ն դրան:
– Ես կարծում եմ` Հայաստանին մեկ անգամ պետք է նորմալ ընտրություն անել, մեկ անգամ ժողովուրդը թող ընտրի նրան, ում ուզում է:












































