ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան կատարած վերջին այցն ամփոփող հայտարարության առավել աչքի ընկնող հատվածը վերաբերում է ղարաբաղա-ադրբեջանական բաժանարար գծի երկայնքով տեղի ունեցած միջադեպերը հետաքննելու առաջարկին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
«Այս առաջարկի մանրամասները դեռևս հրապարակված չեն, և որքան հասկանում եմ, կողմերն ընդունել են այն: Սա, թերևս, միակ գործուն քայլն էր, որ կատարվեց այս ընթացքում: Չգիտեմ` ի՞նչ գործնական հետևանքների դա կհանգեցնի, բայց, ըստ էության, առայժմ դա հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված գործողություն էր: Սա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության առավել աչքի ընկնող մասն էր, մնացյալը շարունակությունն էր նախկինում հնչած կոչերի, հորդորների և բարի ցանկությունների: Միաժամանակ, իրական առաջխաղացում խնդրում առայժմ տեսանելի չէ»,- նկատեց նա:
Արման Մելիքյանը միաժամանակ նշեց, որ տարածաշրջան համանախագահների կատարած այցերից էապես որևէ բան կախված չէ: «Համանախագահներն արձանագրում են այն իրավիճակը, որն այս պահին գոյություն ունի տարածաշրջանում և հանդես են գալիս կոչերով: Իրական փոփոխություններ հակամարտության կարգավորման ոլորտում, թերևս, հնարավոր կլինի ակնկալել հաջորդ տարի, ինչը կապված կլինի Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրությունների և Վլադիմիր Պուտինի վերադարձի հետ: Ռուսաստանի դե ֆակտո նախագահն այսօր փաստացի կոչ է անում Եվրասիական միություն ստեղծել: Երբ այդ քաղաքական կոչի իրական ուրվագծերը նշմարվեն, այդ ժամանակ հասկանալի կլինի, թե Արցախի հետ կապված ինչպիսի զարգացումների ականատես կլինենք»,- ամփոփեց Արման Մելիքյանը:
Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց տարածաշրջանային վերջին այցից հետո հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Համանախագահներն ընդգծում են, որ անհրաժեշտ է էականորեն բարելավել բանակցությունների մթնոլորտը, բարձրացնել վստահության աստիճանը և ամրագրել հրադադարի ռեժիմի պահպանումը, որպեսզի հնարավոր լինի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ հետագա հնարավոր առաջընթացի գրանցումը։ Հակամարտող կողմերը համաձայնել են շփման գծում գրանցվող միջադեպերի հետաքննման մեխանիզմի նախագծին, որը համանախագահները ներկայացրել էին ապրիլին, և որի մասին նախագահներ Սարգսյանը, Ալիևը և Մեդվեդևը մարտին ազդարարել էին Սոչիում»:







































