РИА Новости-ի փոխանցմամբ՝ կիրակի օրը Վանի նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվն արդեն հասել է 366-ի։ Կան նաև 1300 վիրավորներ։ Բնական է, որ Թուրքիան մարդկային աղետին ու տառապանքներին ուղղված ցավակցական հայտարարություններ է ստանում և ուշադրության արժանանում համայն աշխարհի կողմից։
Սակայն այդպիսի ուշադրություն չի ցուցաբերվում Վանի նահանգում գտնվող հին հայկական պատմամշակութային հայտնի հուշարձանների, այդ թվում՝ նաև 10-րդ դարում Վանա լճի Աղթամար կղզում կառուցված Սուրբ Խաչ եկեղեցու ճակատագրի նկատմամբ։
Միայն փոքրաթիվ աղբյուրներն են բավական իրարամերժ առանձին տեղեկություններ հաղորդում դրանց վիճակի մասին։ Դրանք համարվում են կամ նվազագույնը պետք է համարվեն համաշխարհային ժառանգության օբյեկտներ։ Դրանք թանկ են բոլորի համար՝ անկախ նրանց ազգային կամ կրոնական պատկանելությունից։
Երբ կսգան բոլոր զոհերի մահը և կթաղեն նրանց, երբ հոգ կտանեն բոլոր վիրավորների մասին, աշխարհը կցանկանա տեղեկանալ Թուրքիայի արևելյան հատվածում (Արևմտյան Հայաստան) բազմադարյա հայկական ներկայության մեծ հուշարձանների վիճակի մասին։ Մարդկային կյանքեր փրկելու հետ մեկտեղ կարևոր է միջնադարյան հուշարձանների պահպանումը։








































