Nabucco-ի նախագծվող գազատարի արժեքը լավագույն դեպքում կլինի 24-26 մլրդ եվրո, ինչը 4 անգամ գերազանցում է նախնական գնահատականները: Այսպիսի գնահատական է տվել նախագծի մասնակից Հունգարիայի ազգային զարգացման նախարար Տամաշ Ֆելլեգին Լոնդոնում տեղի ունեցած բրիֆինգին:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, հիմնվելով ենթադրյալ գնորդների և գազամատակարար երկրների կողմից կոշտ պարտավորվածությունների բացակայության վրա, նախարարը կասկածի տակ է դրել Nabucco-ի կենսունակությունը:
«Nabucco-ի վերջնական արժեքը ոչ ոք չի կարող կանխատեսել»,- հայտարարել է Ֆելլեգին և ավելացրել, որ, «լավատեսական» գնահատականներով, այն կարող է արժենալ 24-26 մլրդ եվրո:
Nabucco-ի կոնցեսիումի ներկայացուցիչն իր հերթին Ֆելլեգիի այս գնահատականը համարում է «կամայական»` նշելով, որ այս պահին նախագծի նախնական արժեքը (7.9 մլրդ եվրո) վերանայվում է:
Ավելի վաղ ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Գյուտներ Էթթինգերը հայտարարել էր, որ Nabucco-ի նախագծվող գազատարի արժեքը կարող է կազմել 10-14 մլրդ եվրո:











































