Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիին այսօր առավոտյան հուղարկավորել են գաղտնի վայրում: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, Լիբիայի իշխանությունները հրաժարվում են հայտնել գերեզմանի վայրը: Հայտնի է միայն, որ նրան թաղել են ինչ-որ տեղ անապատում:
Քադաֆիի հետ թաղել են նրա որդուն` Մութասիմին, և խորհրդականներից մեկին: Ավելի վաղ Քադաֆիի հարազատները խնդրել էին իրենց հանձնել սպանված առաջնորդի մարմինը նրան Սիրթում հողին հանձնելու համար:
Սակայն ԱԱԽ-ն որոշել է գաղտնի պահել Քադաֆիի գերեզմանի վայրը, քանի որ մտավախություն կա, որ այն կարող է դառնալ սրբավայր Քադաֆիի կողմնակիցների և հարձակումների թիրախ նրա հակառակորդների համար:
Մուսուլմանական ավանդույթի համաձայն` դիակը հողին են հանձնում մահվանից հետո մեկ օրվա ընթացքում, սակայն ԱԱԽ-ն երկար ժամանակ չէր կարողանում որոշել հուղարկավորման վայրը:








































