«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
– Երեկ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հայտնել էր, որ Կոնգրեսը պատրաստ է համագործակցել «Բարգավաճ Հայաստանի» հետ, եթե այս ուժը փորձի «խզել անցյալի հետ իր կապերը» և պատրաստ լինի «ռեժիմի դեմ ելնել»: Ձեր կարծիքով, նման համագործակցությունն ինչքանո՞վ է հավանական, և ինչքանո՞վ է նորմալ, երբ արդեն մի քանի տարի ՀԱԿ-ը պայքարում էր նաև իշխանության մաս կազմող ԲՀԿ դեմ, իսկ այսօր խոսում է վերջինիս հետ համագործակցության մասին:
– Քաղաքականության մեջ ամեն ինչ էլ նորմալ է, և տարբեր պայմաններ են ստեղծվում, երբ շատ հնարավոր են նման կոնֆիգուրացիաները: Բայց, ճիշտն ասած, ես չեմ հասկանում, թե ինչ է նշանակում անցյալի հետ կապերը խզել: Այսինքն` ԲՀԿ-ն պետք է հայտարարի, որ ինքը դատապարտո՞ւմ է մարտի 1-ը: Անհասկանալի է, թե ինչ է ի նկատի ունեցել Լևոն Զուրաբյանը: Իսկ համագործակցությունը շատ հավանական է, բայց պայմաններ թելադրելը համագործակցության ճիշտ մեկնարկ չէ:
– Այնուամենայնիվ, վերանանք այն հանգամանքից, որ քաղաքականության մեջ ամեն ինչ ընդունելի է և բարոյական. հասարակության, մասնավորապես՝ ՀԱԿ-ի համակիրների համար որքանո՞վ ընդունելի կլինի այդ համագործակցությունը:
– Բարոյական չափանիշը քաղաքական հասկացություն չէ, քաղաքականության մեջ բարոյականություն գոյություն չունի, այստեղ զուտ հաշվարկներ են, և կողմերը հաշվարկում են, թե այս կամ այն համագործակցությունից կշահեն, թե ոչ: Այստեղ բավականին բարդ է, որովհետև պետք է սոցիոլոգիական հարցումներ իրականացվեն՝ ճշտելու ՀԱԿ-ի ընտրազանգվածի ընկալումը ԲՀԿ նկատմամբ և հակառակը, քանզի երկու քաղաքական ուժերի միավորումը դրանց ուժերի և ռեսուրսների մեխանիկական գումար չէ: Շատ հնարավոր է՝ այդ միավորումը կրկնապատկի երկուսի ուժն էլ, բայց նաև հնարավոր է է՛լ ավելի նվազեցնի ընտրազանգվածը:
– Առանց այդ սոցիոլոգիական հետազոտությունների էլ ակնհայտ է, որ ՀԱԿ-ի ընտրազանգվածի ճնշող մեծամասնությունը հակակրանքով է վերաբերվում ԲՀԿ-ին: Չե՞ք կարծում, որ ՀԱԿ-ի համակիրների մի ստվար զանգված երես կթեքի նրանից նման համագործակցության կայացման դեպքում:
– Հնարավոր է, հնարավոր է նաև ԲՀԿ համախոհների մի մասն էլ հիասթափվի հենց ԲՀԿ-ից: Հենց այդ է պատճառը, որ այստեղ անհրաժեշտ են լուրջ հետազոտություններ և հաշվարկներ: Պետք է ճշտել. եթե այդ հիասթափվողները փոքր տոկոս են լինելու` ոչինչ, իսկ եթե 50 տոկոս, ապա արդեն պետք է մտածել, նման համագործակցությունը իմա՞ստ ունի, թե՞ ոչ: Ավելին` պետք է նաև հաշվի առնել, թե ինչքանով են նույնական այս ուժերի ընտրազանգվածները: Այստեղ պետք է շատ զգույշ լինել, քանզի արտաքինից կարող է թվալ, թե միավորվելով՝ այս ուժերը հզորանում են, ինչ-ինչ ռեսուրսներ են ձեռք բերում: ԲՀԿ-ն բավականին ռեսուրս ունի, ՀԱԿ-ն էլ` հեղինակություն, ու թվում է, թե այդ երկուսը որ գումարվեն, լրացուցիչ ընտրազանգված կմիանա նրանց` բա որ չմիացավ: Իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀԱԿ-ի ընտրազանգվածի մաս են կազմում նաև մարդիկ, ովքեր դավանում են արևմտյան-ազատական արժեքներ, որքանո՞վ է հասարակության մեջ օլիգարխի ճանաչում ունեցող խոշոր գործարարը համապատասխանում այդ արժեքային համակարգին, ու եթե ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունն իրականություն դարձավ, արդյոք այդ ընտրազանգվածը դա չի՞ ընկալի ՀԱԿ կողմից դավաճանություն արևմտյան արժեքային համակարգին և արդյոք երես չի՞ թեքի ՀԱԿ-ից: Նույնն էլ վերաբերում է ԲՀԿ-ին, քանզի այնտեղ էլ կան մարդիկ, ովքեր դեմ են ՀՀԿ-ին, բայց նրանք դեմ են նաև ՀԱԿ-ին, ու ակնհայտ է, որ համագործակցության դեպքում ԲՀԿ-ն էլ իր այդ ընտրազանգվածն է կորցնում: Այսինքն` ամեն դեպքում ընտրազանգվածների կորուստ լինելու է:
– 2008թ. սկսած ՀԱԿ-ը միշտ ընկալվել է որպես անօրինական իշխանությունների, օլիգարխների դեմ պայքարող ուժ, ու այսօր հանկարծ ՀԱԿ-ին միանալու մասին է խոսում Տիգրան Կարապետյանն ու այդ առիթով պատասխան ՀԱԿ կողմից չկա, ավելին` այժմ էլ ՀԱԿ-ն է սկսել խոսել ԲՀԿ հետ հնարավոր համագործակցության մասին: Արդյոք այս ամենը չի՞ վնասում ՀԱԿ-ի հեղինակությանը:
– Իհարկե վնասում է, ու վնասում է ոչ միայն այն, որ Տիգրան Կարապետյանն է հայտարարում, թե կմիանա ՀԱԿ-ին, իսկ ՀԱԿ-ը դրան չի արձագանքում, այլ միանշանակ է նաև մի բան, որ ցանկացած դաշինք, եթե վատ ընկալվի քաղաքական ուժի ընտրազանգվածի կողմից, ապա այդ ուժը տուժելու է:
– Լևոն Զուրաբյանը որպես համագործակցության հիմք նշել էր նաև ԲՀԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալու հանգամանքը: Ձեր կարծիքով` ինչքանո՞վ է հավանական, որ ԲՀԿ-ն դուրս գա կոալիցիայից:
– Դա ԲՀԿ որոշումն է` եթե դուրս գա, կկորցնի որոշակի ռեսուրսներ, բայց միևնույն ժամանակ հնարավոր է նաև վարկանիշ ձեռք բերի՝ որպես հակասերժական ուժ: Այժմ նա պետք է համադրի ու տեսնի, թե որն է իր համար ավելի օգտակար, քանզի այսօր հակասերժական ընտրազանգված կա, որոնց մի մասն էլ ՀԱԿ-ի կողքին են, և հնարավոր է, որ նրանց մի մասն էլ միանա ԲՀԿ-ին: Նաև մեկ հանգամանք կա` կոալիցիայից դուրս գալը ԲՀԿ-ին կարող է վատ վիճակի մեջ դնել, եթե նա չպայքարի, պայքարելու դեպքում նա կարող է վարկանիշի անկում չունենալ, իհարկե, տեսանելի որոշ ռեսուրսների կորուստ կլինեն, բայց ԲՀԿ-ն նաև անտեսանելի ռեսուրսներ ունի` մարդիկ, ովքեր բավականին բարձր դիրք ունեն պետական կառավարման համակարգում կամ ուժային կառույցներում և կուսակցության անդամ չեն, բայց ԲՀԿ հենքն են, ու կարևորը նրանց պահելն է:
– Պարոն Բադալյան, այսօր շատ է խոսվում Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին, և հիմնականում նշվում է, որ Քոչարյանը վերադառնալու է ԲՀԿ միջոցով: Հաշվի առնելով Քոչարյան-ԲՀԿ սերտ կապի մասին խոսակցությունները, չե՞ք կարծում, որ անգամ ամեն ինչը հաշվարկելու դեպքում, ու անգամ այն պարագայում, երբ ԲՀԿ-ն «խզի կապը իր անցյալի հետ», միայն Քոչարյանի անվան առնչությունն այդ ուժի հետ կարող է մեծ հարված հասցնել ՀԱԿ-ին:
– Ճիշտ է, ոչ ոք չգիտի, թե ԲՀԿ-Քոչարյան կապն իրականում կա՞, թե՞ ոչ, ուղղակի խոսում են այդ մասին, բայց, այո՛, այդ խոսակցությունները կարող են բացասաբար ազդել ՀԱԿ-ի ընտրազանգվածի վրա: Սերժ Սարգսյանին դեմ ուժը է՛լ ավելի դեմ է Ռոբերտ Քոչարյանին, ու եթե պարզվի, որ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն գնում են համագործակցության, և ԲՀԿ թիկունքում իրոք կանգնած է Ռոբերտ Քոչարյանը, ու դա արդեն ավելի բացահայտ է, ՀԱԿ-ն է՛լ ավելի մեծ կորուստ է ունենալու:







































