Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ անցյալ տարվա հուլիսի 27-ին Տավուշի մարզի զորամասերից մեկում բռնությունների արդյունքում սպանված Արտակ Նազարյանի գործի դատաքննությունը կանցկացվի Երևանի դատարաններից մեկում: Այդ մասին «Ժամանակ»-ին հայտնեց Արտակի մայրը: Սակայն դեռ հայտնի չէ, թե կոնկրետ որ դատարանում կանցկացվեն նիստերը:
Ի դեպ, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը չէր բավարարել տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանի միջնորդությունները, որոնցով նա պահանջում էր փոխել դատարանի ընդդատությունը կամ արտագնա նիստ հրավիրել՝ Երևանում: Փաստորեն, դատարանը փոխել է իր մտադրությունը և որոշել է, այնուամենայնիվ, արտագնա նիստերը կազմակերպել Երևանում:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված նիստերն անընդհատ չէին կայանում՝ տարբեր պատճառաբանություններով:








































