Իրանական գազի արտահանման պետական ընկերության գործադիր տնօրեն Հուսեյն Բիդարմագզը Nabucco գազատարն անվանել է «մեռած նախագիծ» և պատրաստակամություն է հայտնել Իրանի տարածքով Թուրքմենստանից Եվրոպա գազ մատակարարել: Այս մասին հայտնում է Tehran Times օրաթերթը:
Հուսեյնի խոսքերով` այդ ուղեգիծը տնտեսապես առավել ձեռնտու է: Ինչ վերաբերում է Nabucco-ին, նա նշել է, որ 2009 թվականին համաձայնագիրը ստորագրելուց հետո ոչ մի քայլ չի ձեռնարկվել կառույցի շինարարության համար:
«Միևնույն ժամանակ՝ Հունգարիայի ազգային զարգացման նախարար Տամաշ Ֆելեջին կասկածի տակ է դրել Nabucco-ի շինարարությունը»,- հայտնում է Reuters գործակալությունը: Նա հայտարարել է, որ շինարարությունը կարող է արժենալ 26 միլիարդ եվրո` նախնական գումարից չորս անգամ շատ:
Հիշեցնենք, որ Nabucco-ի նախագիծը, որը նախատեսում էր գազատարի կառուցում Արևելյան Թուրքիայից դեպի եվրոպական երկրներ, հաստատվել էր երկու տարի առաջ, սակայն ավստրիական OMV ընկերությունը, որը զբաղվելու էր շինարարությամբ, այդպես էլ ռեսուրսներ չի գտել՝ խողովակները լցնելու համար:
Պլանավորվում էր, որ Nabucco-ն շահագործման կհանձնվի 2017 թվականին, բայց երկու օր առաջ վերջնաժամկետը երկարաձգվել է ևս մեկ տարով:








































