Երևանի գլխավոր դատախազությունից «Առաջին լրատվական»-ին հաղորդում են, որ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչին և տեսուչին` պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքները:
Դատարանում հետազոտված ապացույցների համաձայն` Հ. Սիմոնյանն աշխատել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքում` որպես ավագ տեսուչ, իսկ Դ. Աթոյանը` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքում որպես տեսուչ, որի ղեկավար-դաստիարակի պարտականություններն իրականացրել է ավագ տեսուչ Հ. Սիմոնյանը:
Դատարանը հավաստի է համարել մեղադրող դատախազների կողմից ներկայացված ապացույցները առ այն, որ 2008թ. նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող «Պիոներ» գիշերային ակումբում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Հ. Վարդանյանի հաղորդման կապակցությամբ Դ. Աթոյանը նյութեր է նախապատրաստել:
Այդ ընթացքում Հ. Սիմոնյանը դեպքի մասնակիցներից վերցրել է իրականությանը չհամապատասխանող, փաստական տվյալները էականորեն փոփոխված բովանդակությամբ բացատրություններ, որի հիման վրա հետաքննիչ Դ. Աթոյանի անունից որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին:
Կեղծ տեղեկություններ մտցնելով արձանագրության մեջ` Դ. Աթոյանը բաժնի պատասխանատու հերթապահի ստորագրմանն է ներկայացրել հանցագործության վերաբերյալ կեղծ տվյալներով ամփոփագիր`իբրև հանցագործության կատարման ընթացքում դանակ չի գործածվել:
Դ. Աթոյանն իր ստորագրությամբ վավերացրել և բաժնի պետի հաստատմանն է ներկայացրել Հ. Սիմոնյանի կազմած, իրենց ցանկալի բովանդակությամբ, փաստական աղավաղված տվյալներով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը:
Դ. Աթոյանը և Հ. Սիմոնյանն ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքը և միջնորդել դատական քննությունն անցկացնել արագացված կարգով:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Դ. Աթոյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Հ. Սիմոնյանը` 309-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման` յուրաքանչյուրին երկու տարի վեց ամիս ժամկետով:












































