Սաադիյաթ կղզում Արաբական Միացյալ Էմիրությունների պահանջով հետաձգվել է Գուգենհայմի թանգարանի կառուցումը: Այս մասին այսօր հայտնել է The Art Newspaper բրիտանական ամսագիրը:
Ինչպես գրում է պարբերականը, շինարարությունը հետաձգվել է հայտամրցույթի պատճառով:
Աբու Դաբիի իշխանությունները վերադարձրել են հայտամրցույթի մասնակցելու նպատակով վճարումներ կատարած բոլոր 11 ընկերությունների գումարները, որոնք հավակնել են պայմանագրի կնքմանը: Հայտամրցույթը հետաձգելու պատճառները հայտնի չեն:
Տուրիզմի զարգացման պետական ընկերությունը որոշումը բացատրել է «ռազմավարության փոփոխությամբ»: Այդուհանդերձ, վերջիններս վստահեցրել են, որ խոսքը թանգարանի կառուցումից հրաժարվելու մասին չէ:
Շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են, շարունակվում է ապագա թանգարանի ցուցադրման համար ցուցանմուշների հավաքման գործընթացը:
Ի սկզբանե, թանգարանի բացումը նախատեսված էր 2013 թվականին:
Նյույորքյան Գուգենհայմի թանգարանի Աբու Դաբիի մասնաճյուղի կառուցման մասին հայտարարվել էր դեռ 2006 թ.: Նախագծի հեղինակը ճարտարապետ Ֆրենկ Գերին է:
Էմիրություններում կառուցվելիք թանգարանը դառնալու է Սողոմոն Գուգենհայմի հիմնադրամի միջոցներով կառուցվելիք`աշխարհում 5 ամենամեծ թանգարաններից մեկը:
Բացի վերնշյալ թանգարանից` Սաադիյաթ կղզում կառուցվելու են մի քանի խոշոր թանգարաններ` ներառյալ ԱՄԷ-ի պատմության թանգարանը, Ռազմաօդային ուժերի թանգարանը և փարիզյան Լուվրի մասնաճյուղը:







































