Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր Մուհամադ Խոշչեհրեն իրանական Mellat օրաթերթի հետ զրույցում, հայտարարել է, որ Ահմադինեժադի թիմաիցները ժամանակին կարևոր փաստաթղթեր են հանել Իրանի հետախուզության նախարարությունից և հիմա փորձում են դրանք օգտագործել:
Իրանցի նախկին պատգամավորը նշել է. «Հիշյալ փաստաթղթերում տեղ գտած բազմաթիվ զեկույցները դեռ հավաստի չեն, և դրանք չեն պատրաստվել որևէ մեկի դեմ օգտագործելու համար: Իսկ կառավարության մեջ ներթափանցած դավադիրները, այդ տվյալները հետախուզության նախարարությունից դուրս հանելով, փորձում են դրանք օգտագործել իրենց օգտին՝ մրցակիցներին հարվածելու նպատակով»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ահմադինեժադի թիմակիցները հայտարարել էին, թե իրենք տիրապետում են պետական պաշտոնյաների մասին ավելի քան 140 հազար փաստաթղթերի ու հարկ եղած ժամանակ դրանք կբացահայտեն:
Մի շարք փորձագետներ համոզված են, որ ամիսներ առաջ նախագահի և առաջնորդի միջև ծագած տարաձայնությունները՝ հետախուզության նախարար Հեյդար Մոսլեհիին պաշտոնից ազատելու շուրջ, ուղղակիորեն պայմանավորված էր դրանով, որ առաջնորդի կողմնակիցները փորձում էին Ահմադինեժադի թիմակիցներին հեռու պահել հետախուզության նախարարության գաղտնի փաստաթղթերից։ Այդ պատճառով էլ երկրի առաջնորդը, ընդդիմանալով նախագահի որոշմանը, հետախուզության նախարարին կրկին նշանակեց իր պաշտոնում:










































