Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ճշտում է, թե Թուրքիայի հարավարևելյան շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների մեջ արդյոք ՀՀ քաղաքացիներ կա՞ն, թե՞ ոչ: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Կոնկրետ տեղեկություն դեռևս չկա, ՀՀ քաղաքացիների մասին տեղեկությունը ճշտվում է»,- ասել է նա:
Վանի մոտակայքում` Աղթամար կղզում է գտնվում հայկական միջնադարյան Սուրբ Խաչ եկեղեցին, որտեղ շատ հայ զբոսաշրջիկներ են այցելում:
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով` Երևանում երկրաշարժը եղել է 3-5 բալ ուժգնությամբ: Ցնցումների էպիկենտրոնը Հայաստանի սահմանից 150-160 կմ հեռու է գտնվում:
Հիշեցնենք, որ այսօր Երևանի ժամանակով մոտ 15:45-ին Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Վան քաղաքում տեղի է ունեցել 6.6 մագնիտուդով երկրաշարժ:






































