«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՌԴ քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի ղեկավար, պահեստազորի գնդապետ Անատոլի Ցիգանոկը
-Պարոն Ցիգանոկ, ինչպե՞ս եք գնահատում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի տարածաշրջանային այցը և նրա ջանքերը ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ: Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ Ռուսաստանը հետ մղվում կարգավորման գործընթացում առաջնորդի իր դերից: Այդ բացը կարո՞ղ է լրացնել Ֆրանսիան իր ջանքերով:
– Նախ պետք է հստակ հասկանալ, որ Ֆրանսիայի նախագահը անում է ամեն ինչ, որպեսզի ամրապնդի ոչ միայն իր ազդեցությունը Կովկասում, այլ նաև Ռուսաստանի ազդեցությունը: Սարկոզին միակ գործիչն էր, որը փաստացի օգնեց Ռուսաստանին. Սարկոզին ստորագրեց համաձայնագիր երկու նախագահների հետ միասին, ինչը դրական էր: Ես չեմ կարծում, որ Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում փոքրանում են, դա հստակ հասկանում են նաև Հարավային Կովկասի բոլոր երկրները: Հաջորդը` Ֆրանսիայի նախագահը հստակ հասկանում է, որ եթե Հայաստանի տարածքում Ռուսաստանն ունի իր ռազմաբազաները` դա շատ բանի մասին է վկայում: Առաջինը` հակամարտության բռնկման պարագայում Ռուսաստանը, բնականաբար, հայկական տարածքի կողմը կլինի: Ինչ էլ որ ասեն Ադրբեջանի և Վրաստանի փորձագետները, միևնույն է, Ռուսաստանը կլինի ՀԱՊԿ-ի կողմում, քանի որ պետք է խնդիրները համատեղ կարգավորվեն:
-Առաջիկայում ընտրություններ են նախանշված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներում, ինչպես նաև` Հայաստանում և Ադրբեջանում: Այս հանգամանքը ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը դեպի սառեցում չի՞ մղի:
– Անկախ այն բանից, որ նախագահական ընտրություններ են լինելու միանգամից երեք համանախագահող երկրներում, մեր երկրների համագործակցության վրա դա ազդեցություն չի ունենալու: Բացի այդ` անկախ այն բանից, թե ով կլինի Ֆրանսիայի նախագահը, անկախ այն բանից, թե ով կլինի Ռուսաստանի նախագահը և Միացյալ Նահանգների նախագահը` նրանք մշտապես աջակցելու են ԵԱՀԿ Մինսկի խմբին: Ինչո՞ւ… Որովհետև ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ կառույցն է, որը նորմալ գործում է, որը որոշումներ է ընդունում Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի վերաբերյալ: Ուստի չեմ կարծում, թե ընտրությունների հանգամանքը համանախագահող երկրների դիրքորոշումների մեջ փոփոխություն կմտցնի:
-Պարոն Ցիգանոկ, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը օրերս հայտարարեց, թե մենք աշխատելու ենք խաղաղության մեծ պայմանագրի ուղղությամբ, որում կներառվեն մինչ այժմ չհամաձայնեցված հարցերը… Արդյո՞ք իրատեսական է այսօր խոսել խաղաղության մեծ պայմանագրի շուրջ կատարվելիք աշխատանքների մասին:
– Ինչ էլ ընդունեն երկու երկրների նախագահները և արտաքին գործերի նախարարները, առանց Լեռնային Ղարաբաղի որոշման և նրա ակտիվ մասնակցության կարգավորման գործընթացում` անհնար է նման խնդիրը լուծել:
-Պարոն Ցիգանոկ, մի քանի շաբաթ առաջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ելույթ ունենալով ՄԱԿ-ի ԳԱ-ում` նշեց. «Կողմերից յուրաքանչյուրի կողմից հակաօրինական ուժի կիրառման պարագայում ՌԴ-ն պատրաստ է ձեռնարկել բոլոր միջոցները՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»… Ինչպե՞ս եք գնահատում Լավրովի այս հայտարարությունը, սա կարելի է ակնարկ համարել, որ ՌԴ-ն անգամ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում իրավիճակի տե՞րն է ձգտում լինել:
– Ես ենթադրում եմ, որ դա մեկ բան է նշանակում` եթե Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններ վերսկսվեն, բնականաբար ռուսական ռազմական խմբավորումը, որը գտնվում է Հայաստանում, պետք է այն որոշումներն ընդունի, որոնք անուղղակիորեն առնչվում են ե՛ւ Հայաստանին, ե՛ւ նրա Զինված ուժերին:






































