«Երբ Նատալյա Սեմյոնովնան վերադառնա, մնացածն իրենց տղամարդկային խոսքը կասեն»,- պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին, թե ինչքա՞ն է տևելու ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիոն ամուսնությունը, կարծիք հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
Նկատենք, որ վերջին շաբաթվա ընթացքում անընդհատ խոսվում է այն մասին, որ ՀՀԿ առաջիկա աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվելու է ԲՀԿ հարցը, բայց ինչպես վստահեցնում են ՀՀԿ-ականները՝ երեկ կայացած քննարկման ժամանակ նման հարց չի քննարկվել:
Մարտիրոսյանը նշեց, որ ԲՀԿ-ի կոալիցիայից դուրս գալու հավանականությունը կախված է նրանից, թե ԲՀԿ-ն ինչ քաղաքական նպատակ է դրել իր առջև և այդ նպատակին հասնելու համար ինչպիսի քայլեր է նախատեսել. «Այս պահին ես հստակ չեմ տեսնում նրանց նպատակը և չեմ կարող ասել, թե որքանով է հավանական»:
Ըստ Մարտիրոսյանի` ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններում այս պահին միայն մի բան է հստակ, որ «ջուրը զուլալ չէ»:










































