Սիրիայում արմատական իսլամիստների իշխանության գալը ուղղակի վտանգ է ներկայացնում Իրաքի և ամբողջ տարածաշրջանի համար: Այս մասին հայտարարել է շիական ազդեցիկ Բարձրագույն իսլամական խորհրդի (ԲԻԽ) առաջնորդներից Բայյան Ջաբեր Ալ-Զուբայդին:
«Մենք Իրաքում վախենում ենք, որ Սիրիայում իշխանության կգան վահաբի-սալաֆիական շարժման ներկայացուցիչները, որոնք ուղղակիորեն աջակցություն են ստանում Սաուդյան Արաբիայի և Քաթարի ծայրահեղ իսլամիստներից»,- ասել է նա` ելույթ ունենալով իրաքյան հեռուստաալիքներից մեկի եթերում:
Քաղաքական գործչի խոսքերով` Բաշար Ալ-Ասադի տապալման դեպքում նոր սիրիական վարչակարգը կնմանվի Աֆղանստանում թալիբների վարչակարգին: «Այն (նոր վարչակարգը) կապեր կհաստատի Անբար, Նայնավա և իրաքյան այլ մարզերում գործող «Ալ-Քաիդայի» հետ կապված զինված խմբավորումների հետ` Իրաքի և Սիրիայի միջև պատերազմ հրահրելու համար»,- ասել է Ալ-Զուբայդին:
Նրա խոսքերով՝ «եթե նրանք իշխանություն ստանան Սիրիայում, ապա հաջորդ պատերազմը կլինի Իրաքի և Սիրիայի ապագա վարչակարգի միջև»:











































