Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի հարավարևելյան հատվածում ընկած Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում միմյանց են բախվել թուրքական անվտանգության ուժերն ու Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները։
Նշվում է, որ բախման արդյունքում սպանվել է 32 քուրդ զինյալ, թուրքական կողմի կրած կորուստների մասին ոչինչ չի նշվում։ Ներկայումս տվյալ շրջանում շարունակվում են ռազմական գործողությունները, և քուրդ զինյալների կորուստների քանակն է՛լ ավելի աճելու միտում ունի։
Բացի այդ, թուրքական բանակին հաջողվել է Հյուսիսային Իրաքի Հաֆթան վայրում գրավել PKK-ի ճամբարը, որում գտնված քուրդ զինյալները ոչնչացվել են։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ի գիշերը Չուքուրջայում քուրդ զինյալները սպանել էին 24 թուրք զինծառայողների, ինչից հետո թուրքական բանակի 22 գումարտակներ՝ ավիացիոն ուժերի աջակցությամբ ներխուժել են Հյուսիսային Իրաք, ուր գտնվում են PKK-ի ճամբարները։
Ի դեպ, երեկ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հերքեց, թե իրենք ռազմական գործողություններ են իրականացնում բացառապես երկրի սահմաններից դուրս ընկած տարածքում՝ ընդգծելով, որ դրանք հիմնականում տարվում են երկրի ներսում։












































