Բրազիլիայում կայանալիք 2014 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը կանցկացվի Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում` «Մարականա» մարզադաշտում:
Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունը մեկնարկելու է 2014 թվականի հունիսի 12-ին և ավարտվելու է հուլիսի 13-ին` երբ տեղի կունենա եզրափակիչը: Բացման խաղը տեղի կունենա Սան-Պաուլուում` «Արենա դե Սան-Պաուլու» մարզադաշտում: Նույն քաղաքը կընդունի առաջին կիսաեզրափակիչը, իսկ երկրորդը` Բելու-Օրիզոնտեն: Մայրաքաղաք Բրազիլիայում կանցկացվի երրորդ տեղի համար մրցավեճը:
Ընդհանուր առմամբ «Մունդիալ-2014»-ի խաղերը կընդունեն 12 քաղաքներ` Պորտու-Ալեգրեն, Կուրիտիբան, Ռիո դե Ժանեյրոն, Սան-Պաուլուն, Բելու-Օրտիզոնեն, Բրազիլիան, Կույաբան, Սալվադորը, Ռեսիֆեն, Նատալը, Ֆորտալեզան և Մանաուսը:
Հիշեցնենք, որ Բրազիլիան աշխարհի առաջնությունը ընդունում է երկրորդ անգամ: Առաջին անգամ Բրազիլիայում Մունդիալ անցկացվել է 1950 թվականին, երբ հաղթող ճանաչվեց Ուրուգվայի հավաքականը:







































