Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի մահը չի կարող դաս լինել աշխարհի մյուս բռնապետների համար, որովհետև ցանկացած բռնակալի թվում է, թե ինքն ընդմիշտ է և կարող է խույս տալ պատժից: «Առաջին լրատվականի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Սարո Սարոյանը:
Նրա խոսքով՝ եթե Քադաֆիի և աշխարհի մյուս բոլոր բռնապետների մահը դաս լիներ մնացածների համար, Երկրագնդի վրա բռնապետություն ու նոր բռնապետներ առհասարակ չէին լինի: «Ենթագիտակցական մակարդակով այդ մարդիկ, իհարկե, կարող են պաշտպանական մեխանիզմներ ցուցաբերել, ձևական բարեփոխումների դիմել, սակայն իրական վախ երբեք չեն կարող ունենալ»,- նկատեց փորձագետը:
Սարո Սարոյանը միաժամանակ բացառեց Լիբիայում տեղի ունեցածի և Հայաստանում մարտիմեկյան իրադարձությունների միջև որևէ զուգահեռի անցկացում, ինչպես նաև երկու երկրների իշխանություններին համեմատելու ցանկացած փորձ` նկատելով, որ այս երկու դեպքերը բոլոր պարամետրերով իրարից խիստ տարբեր են:
Հիշեցնենք, որ Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆին ամիսներ տևած հետապնդումներից հետո հայրենի Սիրթ քաղաքում սպանվեց հոկտեմբերի 20-ին:





































