Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի քաղբանտարկյալների գծով ԵԽԽՎ զեկուցող Քրիստոֆ Շտրասերը պլանավորել է Ադրբեջան այցելել նոյեմբերի սկզբին։ Այս մասին հայտարարել է Շտրասերի գրասենյակը։
Նշվում է, որ անցագիր ստանալու նպատակով Շտրասերն արդեն իսկ իր փաստաթղթերը ներկայացրել է Ադրբեջանի դեսպանատուն։ Ադրբեջանական կողմը դեռևս չի արձագանքել դրան։
Հիշեցնենք, որ Շտրասերն Ադրբեջանի քաղբանտարկյալների գծով ԵԽԽՎ զեկուցող է նշանակվել 2009 թվականի մարտին։ Սակայն նա ոչ մի անգամ չի այցելել Ադրբեջան, քանի որ ադրբեջանական կողմը շարունակ մերժում է նրան անցագիր տրամադրել՝ պնդելով, թե իր երկրում «չկան» քաղբանտարկյալներ։ Նմանատիպ վերջին դեպքը տեղի է ունեցել այս տարվա օգոստոսի կեսին։
Ի դեպ, ԵԽԽՎ վերջին նստաշրջանում Շտրասերի մանդատը փոփոխության է ենթարկվել. նա Ադրբեջանի քաղբանտարկյալների զեկուցողից վերածվել է ԵԽԽՎ քաղբանտարկյալների զեկուցողի։











































