Մեծամորի ատոմակայանի օպերատիվ անձնակազմի աշխատողների դուրս գալը պարզապես անթույլատրելի է, առանց նրանց հնարավոր չէ շահագործել կայանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ատոմակայանների շահագործման ԳՀԻ-ի տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, ՀՀ նախագահին կից ատոմային էներգիայի անվտանգության խորհրդի անդամ և գործադիր քարտուղար Վահրամ Պետրոսյանը: Նրա խոսքով՝ ազատման դիմում ներկայացրած 158 աշխատողներից ոչ բոլորն են բարձրակարգ մասնագետներ, այլ՝ նրանց շուրջ կեսը:
Սեպտեմբերի 11-ին վերալիցքավորման և պլանային նորոգման աշխատանքների նպատակով կանգնեցված ՀԱԷԿ-ը էլեկտրաարտադրական ցանցին պետք է միանա հոկտեմբերի 27-ին: Վ. Պետրոսյանի խոսքով՝ կայանն այսօր արդեն պատրաստ է վերագործարկման, վերանորոգման աշխատանքներն ավարտվել են, բայց բանակցություններ են տարվում ղեկավարության և աշխատողների միջև, որ գտնեն ելքը:
«Դա շատ սխալ մոտեցում է, չի կարելի այդպես: Դա տեռոր է մաքուր: Ո՞նց կարելի է՝ ինչ-որ բան իմ կամքով չանես, ես սա չեմ կատարի: Սա մեր երկրի անվտանգությանն է վերաբերում: Թուրքիայի, Ադրբեջանի կողմից շատ մեծ է ճնշումը, անընդհատ՝ փակեք կայանը, փակեք: Ի՞նչ է, նրանք մեր անվտանգության մասին են մտածո՞ւմ: Ո՛չ: Էներգետիկան այնպիսի ոլորտ է, որ երկրի ողնաշարն է: Իսկ սա չեն հասկանում, և այնպես չի, որ նրանց աշխատավարձը ցածր է: Հերթափոխի պետը ստանում է 420 հզ. դրամ մաքուր փող, այսօր ուզում է նորից փողը բարձրացնել: Դե լավ, հասկացանք: Ո՞նց կարելի է այդպես վերաբերվել»,- ասաց Վ.Պետրոսյանը՝ միաժամանակ նկատելով, որ նաև պետք է մտածել իրավիճակը լավացնելու մասին, բայց այսպիսի ճանապարհը նա անթույլատրելի համարեց. «Եվ, վերջիվերջո, ասենք՝ դու չես անում, էն 1600 հոգին զրկվի՞ աշխատանքից, կամ նրանցից կան, որ ընտանիքներն ամբողջը այնտեղ են աշխատում: Այսօր ինչքան խնդիր ունենք մեր երկրում աշխատողների, ախատատեղերի հետ կապված: Դա այդպես չի կարելի դա շատ կոպիտ, գռեհիկ մեթոդ է»:
Վ. Պետրոսյանը նշեց, որ նույնիսկ խնդիր կառաջանա ԱԷԿ-ի կանգնեցված ռեժիմի հետ, որի դեպքում նույնպես պետք է հերթափոխ լինի, որ հսկի կայանը: Նրա կարծիքով՝ սա այն մասնագիտությունը չի, որ կարելի լինի 5-10 օրում նոր բարձրակարգ մասնագետներ պատրաստել, այլ տարիների փորձ է պետք. «Պետք է լեզու գտնել, հասկացնել, որ ձեր աշխատավարձը վատ չի: Ինչ-որ մաս մի փոքր պետք է վերանայել, ղեկավարությունը պետք է նայի, թե ինչ, ոնց, ով է խիստ անհրաժեշտ, աշխատավարձի տնտեսում կատարեն, բայց ոչ այս պահին՝ այսօր արեցին իրանց, վաղը կանի մյուս խումբը և այլն: Ենթադրենք՝ մեկը օդաչու է, ինքնաթիռը բարձրացնի վերև ու ասի՝ եթե աշխատավարձս չբարձրացնեք, օդանավը կկործանեմ: Չի կարելի այդպես»:







































